Փողը ոչ մի նշանակություն չունի, կարեւորն ասելիքն է, եւ ժողովուրդը հրաշալի հասկանում է, թե ճշմարտության ուժը որտեղից է գալիս. որքան էլ փող ծախսեն, հասարակությանն առաջին հերթին հետաքրքրում է ճշմարիտ խոսքը: Այս մասին այսօր` ապրիլի 20-ին, Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի իր ելույթում հայտարարել է ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, հանրապետականները որոշել են չներկայանալ ոչ մի բանավեճի, քանի որ հասկանում են, որ ջախջախիչ պարտություն կկրեն Կոնգրեսի հետ որեւէ բանավեճում:

«ՀՀԿ բոլոր քարոզիչները մտել են իրենց բները, նորից մարտի են հանել իրենց վերջին զենքը` զոն նայող օլիգարխներին»,-ասաց նա:

«Հիմա ես կխոսեմ մի հետաքրքիր պերսոնաժի մասին, մի երիտօլիգարխի մասին, որը ըստ էության, մնացել է ռեժիմի վերջին քարոզչական զենքը, եթե կուզեք, վերջին հույսը: Այդ մարդը երբեք հրապարակային ելույթներ չի ունենում, հրապարակային քաղաքականությամբ չի զբաղվում, նրա մասին համարյա ոչ մի բան չի ասվում ու չի գրվում: Բայց այդ երիտօլիգարխը միգուցե շատ ավելի վտանգավոր է, քան բոլոր վերը թվարկված օլիգարխները: Ռեժիմի պահպանման նպատակով նա ստեղծել է մի ամբողջ ստի կայսրություն, որի նպատակն է մենաշնորհել տեղեկատվական դաշտը Հայաստանում, ձեւավորել հասարակական կարծիքը մանիպուլացնելու տոտալիտար մի համակարգ:

Այդ մարդը ոչ այլ ով է, քան Սերժ Սարգսյանի փեսա, նախկինում նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրապետական շտաբի կոմիսար, Միքայել Մինասյանը, որը հայ հանրությանն ավելի հայտնի է որպես Միշիկ»,-ասաց նա:

Լ. Զուրաբյանի խոսքով, նա օգտվելով աներոջ հովանավորությունից եւ անսպառ ֆինանսական միջոցներից, իր եւ իր լոյալիստների միջոցով արդեն տիրացել է մի քանի հեռուստատեսությունների եւ լրատվամիջոցների, իր ձեռքում կենտրոնացրել գովազդային դաշտը, ստանալով լրատվական միջոցների վրա ազդելու անուղղակի լծակներ:

«Հնազանդ հեռուստատեսությունների եւ իր կողմից ստեղծված եւ/կամ ֆինանսավորվող կազմակերպությունների միջոցով, ինչպիսիք են, օրինակ «Հայաստանի Եվրոպական ընկերները» կամ Հայկական մարքետինգային կազմակերպությունը, պատվիրում է սոցհարցումներ, որոնց նպատակն է ներշնչել մեր հասարակությանը եւ միջազգային հանրությանը կեղծ պատկերացումներ քաղաքական ուժերի վարկանիշների վերաբերյալ, որ իբր հանրապետական կուսակցությունը գտնվում է առաջատար դիրքերում, մինչ դեռ Հայ ազգային կոնգրեսը ունի աջակցության շատ ցածր տոկոս:

Ահա այս մարդն է եւ իր կողմից ստեղծված ստի կայսրությունը, որ դարձել է հանրապետականի վերջին հույսը մի ընտրարշավում, որում նրա քաղաքական դեմքերն արդեն լքել են ճակատամարտի դաշտը՝ թաքնվելով Միքայել Մինասյանի տեղեկատվական մեքենայի հետեւում:

Այսօր այդ մեքենայի գլխավոր թիրախը դարձել են այն ուժերը, որոնք ձեւավորել են ընտրակեղծիքների դեմ միասնական շտաբը եւ փորձում են այն արդյունավետորեն աշխատեցնել: Այս գեբելսյան տեղեկատվական համակարգի միակ զբազմունքն է` տարբեր տեսակի տեղեկատվական սադրանքներով եւ դիվերսիաներով քայքայել միասնական շտաբի գործունեությունը:

Ուրեմն, հենց սրանից է սարսափած ռեժիմը։ Գեբելսյան համակարգը մենք աշխատեցնելու ենք իրենց իսկ դեմ եւ ապահովելու ենք 30 վայրկյանների հեղափոխություն: Եվ ուրեմն երկու շաբաթ հակագեբելսյան աշխատանք եւ՝ հաղթանակ»,- իր խոսքն է ամփոփել Լեւոն Զուրաբյանը: