Թերթը գրում է, որ նախընտրական քարոզարշավի այս օրերին պարալիզացվել է նաեւ թաղապետարանների աշխատանքը: Այստեղ փոքրից մեծ ակտիվորեն լծվել են նախընտրական աշխատանքներին:
«Թաղապետարաններում կան ՀՀԿ շտաբներ, ու աշխատակիցները հիմնականում ծանրաբեռնված են ոչ թե իրենց բուն գործով, այլ կուսակցության օգտին քվեներ ապահովելու համար լուծում տալով տարբեր հարցերին, որոնցով թաղապետարան են դիմում քաղաքացիները:
Այս «հումանիստական» առաքելության պատճառով տուժում են այն քաղաքացիները, ովքեր թղթաբանության հետ կապված գործ են ունենում որեւէ համայնքապետարանում: Նրանք ստիպված են ինչ-որ կնիքի կամ բաժնի պետի ստորագրության պատճառով ժամերով սպասել, քանի որ համայնքապետարանների վերնախավը զբաղված է նախընտրական շտաբների պահանջները կատարելով:
Երեկ մեր թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես մի քաղաքացի մտել է Նոր Նորքի թաղապետարան ու փնտրել ՀՀԿ շտաբը` գումար ստանալու նպատակով: Ի դեպ, թաղապետարանների բոլոր աշխատասենյակները քարոզարշավի այս օրերին լեցուն են քաղաքացիներով: Համայնքների բնակիչները շտապում են իրենց կենցաղային բոլոր հարցերին լուծում տալ մինչեւ ընտրությունը»,- գրում է «Հրապարակը»:




























