Մենք արդեն ընտրարշավի կես ճանապարհին ենք եւ արդեն բավական հստակ է, թե որ քաղաքական ուժը ինչ է առաջարկում եւ ինչպիսի այլընտրանքներ կան ձեր առաջ: Այս մասին այսօր` ապրիլի 20-ին Մալաթիա-Սեբաստիայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ հավելել. «Հենվելով այդ առաջարկների վրա, այդ քաղաքական ուժերին ես կբաժանեի հիմնականում երկու խմբի»:
Ըստ Օսկանյանի, մի խումբը մեծ հաշվով ասում է, որ երկրում ամեն ինչ նորմալ է, անցած հինգ տարիներին առաջընթաց է արձանագրվել եւ որ երկիրը զարգացման ճիշտ ճանապարհի վրա է: «Այս խումբը, նույնիսկ եթե խոսում է ինչ-որ թերություններից, բարեփոխումներից, նոր ծրագրերից, տողատակում մեզ հասկացնում է, որ ստատուս քվոն լավն է եւ դա պետք է պահել:
Մյուս խումբը կազմված է այն քաղաքական ուժերից, որոնք համարում են, որ մեր այս կյանքն ու հեռանկարը անընդունելի են, երկրի վիճակը ծանր է, նախկին հինգ տարիների քաղաքականությունը արդյունավետ չէր եւ երկրին անհրաժեշտ են լուրջ քաղաքական եւ տնտեսական փոփոխություններ»,- նշել է Օսկանյանը. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատկանում է այս խմբին եւ իրոք գտնում է, որ երկրի այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակը հեռու է բավարար լինելուց եւ շատ հեռու նրանից, ինչին մեր ժողովուրդն արժանի է: Մեզ անհապաղ անհրաժեշտ են քաղաքական եւ տնտեսական փոփոխություններ, որպեսզի դուք սկսեք տեսնել բարեկեցիկ եւ ապահով կյանքի հնարավորությունը»:
Նշելով, որ ԲՀԿ-ն այն ուժն է, որ ունի ամենամեծ հնարավորությունները` երկրում իսկական փոփոխություններ բերելու, Օսկանյանը ասել է. «Այսօր ձեր առաջ եղած ընտրանքը շատ հստակ է՝ կա՛մ համակերպվել այսօրվա վիճակի հետ, կամ գնալ փոփոխությունների ճանապարհով, որը կնշանակի հույս եւ փոփոխություն նաեւ ձեզանից յուրաքանչյուրի կյանքում»:
Կոալիցիային մաս կազմող ԲՀԿ-ին վերջերս անդամակցած Օսկանյանը հայտարարել է, թե յուրաքանչյուր ընտրություն նաեւ հաշվետվության ժամանակ է, բոլոր քաղաքական ուժերի՝ իրենց արածի ու չարածի հաշվետվության, սակայն հիմնական հաշվետուն այն քաղաքական ուժն է, որը պատասխանատուն է երկրում այսօր ստեղծված վիճակի համար:
«Ցավալին այն է, որ ոչ միայն պատասխանատվություն, այլեւ հանդուրժողականություն չկա բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձում են ճիշտ ախտորոշում կատարել եւ նոր ճանապարհներ ցույց տալ:
Ինչ-որ մեկը պե՞տք է բացատրի մեզ, թե ինչու 2009 թվականին Հայաստանը ունեցավ երկրորդ ամենամեծ տնտեսական անկումն աշխարհում: Մեկը պե՞տք է բացատրի մեզ, թե այդքանից հետո ինչպես այդ կառավարությունը մնաց իր տեղում եւ շարունակեց աշխատել: Մեկը պե՞տք է բացատրի մեզ, թե ինչպես պատահեց, որ մի քանի տարվա ընթացքում եռապատկելով արտաքին պարտքը եւ այն հասցնելով չորս միլիարդ դոլարի՝ աղքատությունը Հայաստանում ոչ միայն չնվազեց, այլեւ աճեց 500 հազար մարդով: Մեկը պե՞տք է բացատրի մեզ, որ մեզ խոստացված բոլոր մեծ ծրագրերից մեկն անգամ չիրականացավ: Մեկը պե՞տք է բացատրի մեզ, թե զոհաբերելով մեր ազգային շահերը՝ համաձայնելով պատմական հարթությամբ` այսինքն Ցեղասպանությամբ զբաղվող ենթահանձնաժողով ստեղծել եւ ճանաչել Թուրքիայի ներկայիս սահմանները, ինչու հայ-թուրքական սահմանը դեռ փակ է: «Ինչու»-ների շարքը կարելի է երկար շարունակել՝ արտագաղթի, կրթության, առողջապահության, բնապահպանության, կանանց եւ երեխաների խնդիրների եւ այլ բազմաթիվ խնդիրների մասին»,- ասել է նա:




























