2012 թ. մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովների քանակի ավելացման հետ կապված ծախսերը հոգալու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի լրացուցիչ 11,3 մլն դրամ` պետական բյուջե պահուստային ֆոնդից: Հարցը ներառված է ՀՀ կառավարության ապրիլի 26-ի նիստի օրակարգում:
Ըստ ԿԸՀ-ի կողմից ներկայացված հիմնավորման` ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար հատկացված ծախսերում տեղամասային ընտարական հանձնաժողովների հասանելիք գումարը նախատեսվել է 1950 տեղամասային ընտրական հանձնաժողովի հաշվարկով, սակայն փաստացի ձեւավորվել են 1982-ը:
Ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար 1 տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերը կազմում են 336 հազ. դրամ, հետեւաբար` 32 լրացուցիչ տեղամասերին պետք է հատկացվի 10.7 մլն դրամ: Եւս 576 հազ. դրամ նախատեսվել է կնիքների եւ դրոշմակնիքների համար:




























