«Կոնվերս Բանկն» արձագանքել է NEWS.am-ի «Վանաձորի Հայքի հրապարակում մի քաղաքացի հացադուլ է անում ու սպառնում ինքնահրկիզվել» նյութին, որտեղ նշվում է, որ վանաձորցի Սամվել Աբգարյանն իր դիակ տեղափոխող մեքենայով («կատաֆալկա») կանգնել է հրապարակում եւ սպառնում է ինքնահրկիզվել, նշելով, որ դա կապված է «Կոնվերս Բանկի Վանաձորի մասնաճյուղի ոսկերիչի հետ»:
Այս առնչությամբ, «Կոնվերս բանկը» նշում է.
«Կոնվերս բանկը» տեղեկացնում է, որ NEWS.am կայքում ապրիլի 23-ին ժամը 10:56-ին տեղադրված տեղեկատվությունը (Վանաձորի Հայքի հրապարակում մի քաղաքացի հացադուլ է անում եւ սպառնում ինքնահրկիզվել) որեւէ առնչություն չունի «Կոնվերս Բանկի» գործունեության հետ: Ավելին՝ Դավիթ Գրիգորյան անուն ազգանունով ոսկերիչ (ոչ էլ այլ աշխատակից) «Կոնվերս Բանկի» Վանաձորի մասնաճյուղում չի աշխատում եւ երբեւէ չի աշխատել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վանաձորցի Սամվել Աբգարյանը մեքենայի վրա փակցրել է ցուցապաստառ, որում գրված է. «Պահանջում եմ Վլադիմիր Գասպարյանին եւ Վիկտոր Դալլաքյանին. մինչեւ ժամը 18:00-ն ինձ չլսելու դեպքում ինձ մասսայական վառում եմ»:
Սամվել Աբգարյանը իր կողքի նստատեղին ունեցել է նաեւ բենզինով լցված շշեր եւ ալկոհոլ, որով էլ պատրաստվում է հրկիզվել, եթե իր պահանջները չկատարվեն:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Սամվել Աբգարյանը պատմել էր, որ իր այս քայլը կապված է Կոնվերս Բանկի Վանաձորի մասնաճյուղի ոսկերիչի հետ, ով, ըստ նրա, իրեն բավականին գումար է պարտք, սակայն հրաժարվում է վերադարձնել: Ինքնահրկիզվել ցանկացող քաղաքացին պահանջում է Վիկտոր Դալլաքյանին եւս, որպեսզի վերջինս թույլ չտա, որ իրեն նեղացնեն:
Իր հերթին ոսկերիչ Դավիթ Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ ոստիկանության Վանաձորի բաժնում նյութեր են նախապատրաստվում, ամեն ինչ կպարզի ոստիկանությունը, իսկ ինքն ասելու բան չունի: «Միայն կասեմ, որ Սամվել Աբգարյանը սուտ է ասում»:
Որոշ ժամանակ անց Սամվել Աբգարյանն արդեն հեռացել էր Վանաձորի Հայք հրապարակից:



























