Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 23-ին, այցելել է մայրաքաղաքի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, ծանոթացել կենտրոնում իրականացված վերակառուցման եւ տեխնիկական վերազինման աշխատանքներին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահին զեկուցվել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում պետության ակտիվ մասնակցությամբ իրականացված մեծածավալ շինարարական եւ տեխնիկական վերազինման աշխատանքների շնորհիվ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն այսօր հագեցած է ժամանակակից սարքավորումներով, բուժծառայությունները մատուցվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից, ծառայությունների որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին:
Առողջապահական այս հաստատության մասնագետների համոզմամբ, կենտրոնի համար զգալի աջակցություն է ՀՀ նախագահի նվիրած նոր կորոնարոգրաֆը, որի գործարկումը նոր շունչ կհաղորդի տարածաշրջանի միակ մասնագիտացված այս կենտրոնի ախտորոշիչ աշխատանքներին եւ էլ ավելի կբարձրացնի սպասարկման որակը:




























