Գերմանական BSW կուսակցության հիմնադիր Սառա Վագենկնեխտը խիստ քննադատել է Գերմանիայի 2027 թվականի դաշնային բյուջեի նախագիծը՝ հայտարարելով, որ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պատմության մեջ կմնա որպես «ստախոս կանցլեր», որը երկիրը հասցրել է անկման։

Ըստ Վագենկնեխտի՝ բյուջեն նախատեսում է 1945 թվականից ի վեր երկրի ամենամեծ վերազինումը և պարտքային բեռի զգալի ավելացում։ Վագենկնեխտը նշել է, որ 200 միլիարդ եվրոյի նոր փոխառությունները հիմնականում կուղղվեն ռազմական ծախսերին, ինչը, նրա կարծիքով, լուրջ վնաս է հասցնում Գերմանիայի ապագային։ Նա նաև ընդգծել է, որ այժմյան կառավարության օրոք տարեկան տոկոսավճարներն աճում են 50 միլիարդ եվրոյով, և դա անվանել է «հարկատուների փողերի այրում»։

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ մինչ ընտրությունները Մերցը խոստացել էր երկրի առջև ծառացած խնդիրները լուծել առանց հարկերի բարձրացման և պարտքի ավելացման։ Նա նաև քննադատության է ենթարկել նրան և փոխկանցլեր, ֆինանսների նախարար Լարս Կլինգբայլին՝ հայտարարելով, որ նրանք նվազ իրազեկ են, քան իրենց նախորդները։

Չորեքշաբթի ավելի վաղ ԳԴՀ կառավարությունը հաստատել է բյուջետային ծրագրման հիմնական պարամետրերը. 2027 թվականի ծախսերը ծրագրված են 543,3 միլիարդ եվրոյի մակարդակում՝ 2026 թվականի 524,5 միլիարդ եվրոյի դիմաց։