Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ տարածաշրջանում լարվածության ֆոնին հանրապետությունը միշտ հավատարիմ է մնում մարդասիրական սկզբունքներին։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչի հետ քննարկել է տարածաշրջանում ԿԽՄԿ մարդասիրական գործունեությունը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև համագործակցությունը կրում է երկարաժամկետ բնույթ և հիմնված է վստահության վրա, նշվել է կողմերի միջև մշտական շփումների կարևորությունը։ Քննարկվել է տարածաշրջանում ԿԽՄԿ մարդասիրական գործունեությունը, ընդգծվել է դրա աջակցության կարևորությունը Ադրբեջանի կողմից»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի նախարարը հայտնել է, որ տարածաշրջանում լարվածության ֆոնին Բաքուն միշտ հավատարիմ է մնում մարդասիրական սկզբունքներին, այդ թվում՝ Իրանում ռազմական գործողությունների ընթացքում այդ երկրին մարդասիրական օգնություն է ցուցաբերել։ Նա նաև ԿԽՄԿ նախագահին տեղեկացրել է խաղաղության օրակարգի առաջմղման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև փոխադարձ վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչությունը դադարեցրել է իր գործունեությունը երկրում անցյալ տարվա սեպտեմբերի սկզբին։