Մետաղորսիչներով տարբեր իրեր փնտրելը տարածված հոբբի է նաև Նորվեգիայում։ Ապրիլի սկզբին պեղումների սիրահարներ Վեգարդ Սյորլիեն և Ռունե Սետրեն մեկնել էին քաղաքից դուրս՝ բացելու փնտրողական սեզոնը, և գտել են վիկինգների դարաշրջանի խոշորագույն գանձը, գրում է Bild-ը։
Ռենա քաղաքի մերձակայքի դաշտում մետաղորսիչները սկսել են ձայնային ազդանշաններ տալ։ Առաջին ազդանշաններից հետո Սյորլիեն և Սետրեն հողից հանել են 19 արծաթե մետաղադրամ, որից հետո գտածոյի մասին տեղեկացրել են իշխանություններին, և դեպքի վայր են ժամանել հնագետները։ Արդեն աշխատանքների առաջին օրը նրանք գտել են ևս 70 մետաղադրամ։ Փորձագետները կարծում էին, որ արդյունքում կհայտնաբերվի մոտ հինգ հարյուր մետաղադրամ, սակայն ի վերջո դրանց թիվը կազմեց 2970:
Սա վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձն է Նորվեգիայում երբևէ հայտնաբերվածների մեջ։ Հնագետ Մայ-Տովե Սմիսեթը Science Norway լրատվական պորտալին ասել է. «Բացարձակապես անհավանական էր կանգնել այնտեղ և նայել, թե ինչպես են այդ մետաղադրամները հողից դուրս բերվում: Եվ տեսնել մետաղադրամների որակը. դրանք այնքա՜ն գեղեցիկ են»։ Քանի որ հողի մեջ գրեթե քարեր չկան, արծաթե մետաղադրամները հիանալի են պահպանվել։ Ըստ Սմիսեթի՝ դրանք այնքան լավ վիճակում են, որ թվում է, թե հենց նոր են հատվել։
Գտածոյի մի մասն արդեն հետազոտել է Օսլոյի Մշակույթի պատմության թանգարանի Մետաղադրամների կաբինետի պրոֆեսոր Սվեյն Գուլբեկը։ Ըստ նրա փորձաքննության՝ մետաղադրամների մեծ մասը անգլիական և գերմանական ծագում ունեն, որոշները՝ դանիական և նորվեգական։ Դրանք մոտ հազար տարեկան են։




























