Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան արձագանքել է Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։ Այս մասին մայիսի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու հայկական կողմը չի հակադարձել Ալիևի աղմկահարույց հայտարարություններին։
Պատգամավորի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում իրենք միանգամայն կարող էին պատասխանել Ադրբեջանի ղեկավարին։ «Եվ եթե կարիք տեսնեինք այդ պահին՝ արձագանք կլիներ, կամ հետագայում, եթե կարիք ունենանք՝ կարձագանքենք»,- վստահեցրել է նա։
Հարցին, թե արդյոք իրենց լռությունը նշանակում է, որ իրենք ընդհանուր առմամբ համաձայն են Իլհամ Ալիևի հետ, իշխանական կուսակցության պատգամավորը պատասխանել է․ «Բայց մենք մշտապես հայտարարում ենք, որ ունենք նպատակ և օրակարգ, և մենք մեր օրակարգով առաջ ենք շարժվում։ Եվ ոչ ոք չի ասել, որ այս ընթացքը հեշտ է լինելու, և հենց դրա համար էլ երևի անհրաժեշտություն կա ունենալու պայմանագրեր և հավելյալ երաշխիքներ։ բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մեր ուղուց շեղվենք»։
Նշենք, որ Ալիևը քննադատության է ենթարկել Եվրախորհրդարանին՝ վերջերս ընդունված բանաձևի համար, որում հիշատակվում են Ղարաբաղի հայերի իրավունքները և Բաքվում պահվող հայ գերիները։





























