ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ ոչ ոք չի վիճարկի իրանական նավահանգիստներ մտնող և այնտեղից դուրս եկող նավերի ամերիկյան շրջափակումը, և հույս է հայտնել, որ Թեհրանի ֆինանսական համակարգը կփլուզվի, հայտնում է CNN-ը:
«Շրջափակումը հիանալի էր: Այն ասես պողպատի կտոր լիներ: Ոչ ոք չի պատրաստվում վիճարկել շրջափակումը»,- հայտարարել է Թրամփը լրագրողներին Օվալաձև աշխատասենյակում:
Թրամփն ասել է նաև, որ իրանցիները ցանկանում են գործարք կնքել՝ չնայած «ցանկացած հրապարակային հակասական հայտարարություններին»:
«Նրանք խաղեր են խաղում, բայց թույլ տվեք պարզապես ասել ձեզ, որ նրանք ուզում են գործարք կնքել, իսկ ո՞վ դրան չէր գնա, երբ ձեր զինված ուժերը լիովին ոչնչացված են», - ասել է ԱՄՆ նախագահը:
Նա հասկացրել է նաև, որ ցանկանում է, որպեսզի Իրանի ֆինանսական համակարգը փլուզվի:
«Դե, կարծում եմ՝ այո, որովհետև մեր պատճառով ամեն ինչ ձախողվում է: Ես հուսով եմ, որ այն կձախողվի: Գիտե՞ք ինչու: Որովհետև ես ուզում եմ հաղթել»,- հավելել է Թրամփը:





























