ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերստին քննադատել է Հռոմի Լևոն XIV պապին՝ մեղադրելով քահանայապետին նրանում, որ վերջինս «վտանգի է ենթարկում բազմաթիվ կաթոլիկների», քանի որ «կարծում է, թե Իրանում միջուկային զենքի առկայությունը նորմալ է», գրում է The Guardian-ը:

Հայտարարությունը հնչել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հռոմի պապի նախատեսված հանդիպումից երկու օր առաջ։

Ամերիկյան Salem News network ալիքի հայտնի պահպանողական հաղորդավար Հյու Հյուիթի հետ զրույցում ԱՄՆ նախագահն ասել է, որ Հռոմի պապը «նախընտրում է խոսել այն փաստի մասին, որ Իրանի մոտ միջուկային զենքի առկայությունը նորմալ է, և ես չեմ կարծում, որ դա շատ լավ է»։

«Կարծում եմ՝ նա վտանգի է ենթարկում բազմաթիվ կաթոլիկների և շատ այլ մարդկանց։ Բայց ես կարծում եմ, որ եթե դա կախված լիներ Հռոմի պապից, նա կհամարեր, որ Իրանին պարզապես անհրաժեշտ է միջուկային զենք ունենալ»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Ինչպես ընդգծում է բրիտանական պարբերականը, Հռոմի պապը երբեք չի ասել, որ Իրանը պետք է տիրապետի միջուկային զենքի, սակայն բազմիցս հանդես է եկել այդ երկրում պատերազմի և դրան հաջորդած Լիբանանում ու ընդհանուր Մերձավոր Արևելքում հակամարտության սրացման դեմ՝ հրադադարի և երկխոսության կոչ անելով։