NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ապրիլի 27-ին ժամը 20.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան տեղափոխված 45-ամյա Արմեն Սահակյանի վերաբերյալ:

Այսպես, Արմեն Սահակյանը 1999թ մարտի 10-ին Երեւանի Մարքսի փողոցի թիվ 6 շենքի բակում իր մոտ պահված դանակով սպանելու դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող երկու մարմնական ծանր վնասվածք է հասցրել Սամվել Պ.-ի կրծքավանդակի տարբեր մասերին ու դիմել փախուստի: Այն ժամանակ Սամվել Պ.-ն տեղափոխվել էր Երեւանի թիվ 3 հիվանդանոց, փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում:

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Արմեն Սահակյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:

Ի դեպ, 2009թ փետրվարի 11-ին Մոսկվայի շրջանի Խիմկիի քաղաքային դատարանի կողմից Արմեն Սահակյանը սպանություն կատարելու համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 27-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել 45-ամյա Արմեն Սահակյանին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 1999թ. մարտի 22-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:

Արմեն  Սահակյանը կալանավորված է:

Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել նաեւ 30-ամյա մի տղամարդ, որը 2011թ. հուլիսի 11-ից  ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: