ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը մայիսի 11-ին կայցելի Ճապոնիա, որտեղ խորհրդակցություններ կանցկացնի վարչապետ Սանաե Տակաիչիի և իր գործընկեր Սացումի Կատայամայի հետ։ Այնուհետւ նա մայիսի 14-ին կժամանի Պեկին և կմասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի միջև կայանալիք բանակցություններին։ Այս մասին հայտնել է Nikkei թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Տոկիոյում հանդիպումների ընթացքում, ըստ այդ տվյալների, Բեսենտը մտադիր է քննարկել ավելի կայուն էներգակիրների և հազվագյուտ հողային տարրերի մատակարարման շղթաների ձևավորման հարցերը։ Հորմուզի նեղուցի շուրջ ընթացող ճգնաժամի ֆոնին Ճապոնիան ավելի շատ նավթ է ուզում գնել ԱՄՆ-ից (մասնավորապես՝ Տեխասի հանքավայրերից)։
Տոկիոյում բանակցությունների մեկ այլ կարևոր թեմա կլինի արժութային կուրսերի կայունացումը։ Nikkei-ի փոխանցմամբ՝ Բեսենտը դեմ է այն սպեկուլյատիվ գործարքներին, որոնք հանգեցնում են իենի կտրուկ արժեզրկմանը և դոլարի չափազանց թանկացմանը։ Ճապոնիայի կառավարությունն ու Կենտրոնական բանկը ապրիլի 30-ին իրականացրել են մասշտաբային արժութային միջամտություն, որի հետևանքով դոլարի կուրսը 160-ից նվազել է 155 իենի։ Թերթի նշմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ընդհանուր առմամբ հավանություն է տվել այդ գործողությանը։





























