«Ես միայն վերջին ամիսներին եմ նկատում, որ կառավարությունը առանձին քայլեր է անում ճգնաժամի դեմն առնելու համար՝ շինարարության, սոցիալական ոլորտներում, գյուղատնտեսության մեջ, բայց լուրջ միջոցառում առ այսօր չեմ տեսել»: Դեկտեմբերի 10-ին նման տեսակետ հայտնեց Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը՝ պատասխանելով կառավարության հակաճգնամային ծրագրի արդյունավետության մասին NEWS.am-ի հարցին:
«Սկզբնական շրջանում միայն էմոցիաներ էին, երկար ժամանակ չենք ունեցել հակաճգնաժամային ծրագիր: Ունեցել ենք վարչապետի ելույթ, որը միգուցե լավն էր, բայց ծրագիր չէր: 2009թ. ընթացքում անհասկանալի վիճակ ենք ունեցել, եղել են հայտարարություններ, թե կա ճգնաժամ, կա հակաճգնաժամային ծրագիր, բայց ունեցել ենք բյուջե, որը ոչ մի կապ չի ունեցել դրա հետ»,- մանրամասնեց ԿԲ նախկին նախագահը:
Վերջինս նաեւ քննադատեց Ազգային Ժողովին՝ կառավարությանը որեւէ լուրջ հարցադրում չանելու համար: «ՀՀ օրենսդիր մարմինը մակաբույծ է, ավելորդություն է դարձել: Եւ կառավարության ձեռքերը բաց էին թողել, անգամ ոչ մի խոչընդոտ չստեղծեցին անպատասխանատու քայլերի դեմ»,- ամփոփեց Ասատրյանը:




























