Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է, թե «Առավոտ» օրաթերթում պատկերված մեքենան պատկանում է Յուրի Խաչատուրովին:
«Մեքենան չի պատկանում Յուրի Խաչատուրովին: Նա, ում պատկանում է այդ մեքենան, համապատասխան պատժի կարժանանա»,- NEWS.am-ին հայտնեցին ՊՆ լրատվության վարչությունից: Այդուհանդերձ, ՊՆ-ն չի հստակեցրել, թե ում է պատկանում մեքենան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով «Առավոտ» թերթը, «Հունդայի» մակնիշի ՊՆ 0201 Մ պետհամարանիշի մեքենան պատկանում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին:
«Լուսանկարում պարզ երեւում է, թե ինչ խախտումներ է թույլ տալիս պաշտոնյան՝ Երեւանի Տերյան փողոցում: Եթե շարքային քաղաքացին երթեւեկության կանոնները խախտեր այդ ավտոմեքենայի նման, բավականին կլոր տուգանք կնշանակվեր: ԱՊՊԱ-ի կտրոնը մեքենայի դիմապակուն չփակցնելու համար սահմանված է տուգանք՝ 10 հազար դրամի չափով:
Տեխզննման կտրոնի բացակայության համար տուգանքը կազմում է 50 հազար դրամ, բացի այդ, մեքենան կայանել է անցումի վրա եւ վարորդը, առանց շտապողականության, հարակից թերթի կրպակից ինչ-որ գնումներ է անում: Քանի որ այս դեպքում խոսքը հասարակ վարորդի մասին չէ, տուգանքների մասին մտահոգվելու կարիք չկա»,- գրել էր թերթը:




























