Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսը այսօր՝ դեկտեմբերի 10-ին, երթ անցկացրեց Երեւանում: Ակցիայի մասնակիցները Սարյանի արձանի մոտից Հյուսիսային պողոտայով, Հանրապետության հրապարակով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ կանգն առան եւ լռությամբ հարգեցին 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Նշենք, որ այսօրվա ակցիան եւս չանցավ առանց միջադեպերի: Հայաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ երթի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ քաշքշուկ եղավ: Ոստիկանները, որ երթի ողջ ընթացքում ուղեկցում էին բողոքի գործողության մասնակիցներին, բավական կոպիտ տոնով հրահանգում էին դուրս գալ փողոցի երթեւեկելի մասից, ինչը հարուցեց երթի մասնակիցների դժգոհությունը:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց երթի մասնակիցներից Աստղիկ Աղեկյանը, քաշքշուկի պատճառը ոստիկաններն էին, ովքեր ստիպել են նրանց աջով քայլել եւ խոչընդոտել են երթի ընթացքը: «Ինչ տարբերություն մի քիչ աջ ես քայլում, թե մի քիչ ձախ, մեկ է՝ երթեւեկություն չկա: Ո՞ւմ ենք խանգարում, չհասկացանք»,- ասաց նա:

Ընդդիմության կազմակերպած երթն ավարտվեց Հյուսիսային պողոտայում, որտեղ ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանն հայտարարեց, որ հունվարի 8-ին հանրահավաք է լինելու՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե որքան է երթի մասնակիցների թիվը, Զուրաբյանը թեեւ հստակ չնշեց, սակայն ասաց, որ այն անցնում է մի քանի հազարը: Ի դեպ, նույն հարցին ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներից մեկը պատասխանեց, թե «ձայնը կտրվել է եւ չի կարող պատասխանել»: