Մեր բոլորի ամոթն է, որ այսօր Հայաստանում 15 քաղբանտարկյալ կա: Դեկտեմբերի 10-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի նախկին արտգործնախարար, նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը` հավելելով, որ քաղբանտարկյալները մեր երկրում ազատ կարձակվեն այն ժամանակ, երբ «բոլորս գիտակցենք, որ ամեն մեկի ազատ արձակումը մեր բոլորի խնդիրն է»:

Իր հերթին էլ ՀԱԿ-ի անդամ, «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, մեկնաբանելով Հայաստանում քաղբանտարկյալների գոյության փաստը, ասաց, որ. «Տիրող բռնատիրական ռեժիմն է որոշում, թե այսօր 15, վաղը 10, մյուս օրը 20 քաղբանտարկյալ կունենանք»:

Ազատամարտիկը քաղբանտարկյալների` ազատության մեջ ուշ հայտնվելու հանգամանքը կապեց նաեւ ընդդիմության սխալ մարտավարության հետ:

Սեֆիլյանի համոզմամբ՝ մի քանի տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալները ժամկետից շուտ կազատվեն, սակայն երբ՝ «որոշում է ռեժիմը»:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 10-ին, նշվում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, եւ այդ առթիվ Հայ ազգային կոնգրեսը երթ էր կազմակերպել Երեւանի կենտրոնական փողոցներով: