Թուրքիայի Թոկատի շրջանում 7 թուրք զինվորականների սպանության պատասխանատվությունը իր վրա է վերցրել քրդական PKK-ի ռազմական թեւերից մեկը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Referans թերթը։

7 թուրք զինվորականների սպանությունը իր վրա վերցրած PKK-ի ռազմական թեւերից մեկը համարվող HPG-ն (Ժողովրդի պաշտպանության ուժեր) դեկտեմբերի 10-ին հայտարարել է, որ Թոկատում տեղի ունեցածը պատասխանն էր թուրքական զինված ուժերի կողմից Դիարբեքիրում իրենց զինակցի սպանության եւ Իմրալի կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի նկատմամբ սպառնալիքների համար։

NEWS.am-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 7-ին, Թուրքիայի վարչապետ Էրդողանի ԱՄՆ այցի ընթացքում, Թուրքիայի Թոկատ նահանգի Ռեշիդիե շրջանի ճանապարհներից մեկում՝ անհայտ խմբավորման կողմից ուժգին կրակի տակ էր հայտնվել թուրք զինվորականներ տեղափոխող ավտոմեքենան։ Տեղում մահացել էին 7 եւ վիրավորվել 3 հոգի։