ԱՄՆ Կոնգրեսն առաջ է մղում օրինագիծ, որն արմատապես ընդլայնում է պաշտպանական և հետախուզական տվյալների փոխանակումը Իսրայելի հետ՝ ստվերում թողնելով նույնիսկ անգլախոս երկրների «Հինգ աչք» (Five Eyes) լրտեսական դաշինքը։ Փաստաթուղթն իրավաբանորեն կապում է Ամերիկային մի պետության հետ, որը մեղադրվում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ, գրում է Independent-ը։

«Իսրայելի հետ առանց այդ էլ սերտ կապերի պարտադիր ընդլայնումը այնպիսի քաղաքական գործիչների, ինչպիսին է Բենիամին Նեթանյահուն (որի նկատմամբ Միջազգային քրեական դատարանը (ICC) կալանավորման հրամանագիր է արձակել մարդկության դեմ ենթադրյալ հանցագործությունների համար), հասանելիություն կապահովի ԱՄՆ հետախուզական համայնքի ամենագաղտնի տվյալներին։ Այդ օրինագիծն անցնում է Կոնգրեսով՝ լիակատար երկկուսակցական աջակցությամբ։

Առաջարկվող օրենքը՝ «2027 ֆինանսական տարվա հետախուզության հատկացումների մասին ակտը» (FY2027 Intelligence Authorization Act), բաղկացած է գրեթե 200 էջից։ Սակայն 118-րդ էջում թաքնված է 622-րդ հոդվածը։ Եթե այն, ինչպես մեծ հավանականությամբ սպասվում է, ընդունվի, Իսրայելն ու Ամերիկան փաստացի կվերածվեն մեկ միասնական պետության, երբ խոսքը վերաբերի գաղտնիքների փոխանակմանը։

«Հինգ աչք» (Five Eyes) դաշինքի շրջանակում նախկին պայմանավորվածությունները, ըստ որոնց ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան աշխատում են միասին և կիսվում են միմյանց հետ ամբողջ տեղեկատվությամբ՝ բացառությամբ ամենագաղտնիի, այժմ կհայտնվեն ստորադաս վիճակում՝ Իսրայելի հանդեպ ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունների համեմատ։

Հետախուզություն՝ առանց սահմանների

Նման փոփոխությունները կարող են հաստատվել միայն Կոնգրեսում քվեարկության միջոցով։ Հատկանշական է, որ դա տեղի է ունենում The New York Times-ի այն հրապարակումների ֆոնին, ըստ որոնց Պենտագոնը նախազգուշացում է ուղարկել իր աշխատակիցներին առ այն, որ Իսրայելն ագրեսիվ լրտեսական գործունեություն է ծավալում իր ամենահավատարիմ դաշնակցի՝ Միացյալ Նահանգների դեմ։

Ըստ առաջարկվող օրինագծի տեքստի. «Հետախուզական տեղեկատվության փոխանակումը... պետք է ներառի այնպիսի տվյալների փոխանցում, որոնք վերաբերում են կիբերսպառնալիքներին, ահաբեկչությանը, պատժամիջոցներից խուսափելուն, պետական և ոչ պետական դերակատարների ծրագրերին ու մտադրություններին, հակառակորդի տեխնոլոգիաների տարածմանը, հրթիռային սպառնալիքներին, անօդաչու ավիացիոն համակարգերին, թևավոր, բալիստիկ և զենիթային հրթիռներին, օդային և տիեզերական տարածությունում իրազեկվածությանը, ինչպես նաև օդային այլ սպառնալիքներին, որոնք նշանակություն ունեն Իսրայելի պաշտպանության, տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժերի ու շահերի և տարածաշրջանային անվտանգության գործընկերների համար»։

Այդ դրույթը փաստացիորեն Կենտրոնական հետախուզական վարչությանը (CIA), Ազգային անվտանգության գործակալությանը (NSA), Հետաքննությունների դաշնային բյուրոյին (FBI) և ԱՄՆ անվտանգության բազմաթիվ այլ կառույցներին զրկում է Իսրայելից ունեցած ինքնավարությունից։ Ավելին, անհասկանալի է մնում, թե ինչպես ԱՄՆ-ն կկարողանա և արդյոք ընդհանրապես կկարողանա  իսրայելցի առաջնորդներից ու հատուկ ծառայություններից պաշտպանել այն տեղեկատվությունը, որն ինքը ստանում է բրիտանական MI6 ծառայությունից և Կառավարական կապի կենտրոնից (GCHQ):

Յոավ Գալանտը՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) նախկին ղեկավարը, որը ևս որոնվում է ՄՔԴ-ի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար, նոր օրենսդրության շրջանակում հասանելիություն կստանա ամերիկյան գաղտնիքներին՝ վարչապետ Նեթանյահուի անձնական հայեցողությամբ։

Հումանիտար համատեքստը և կորուստների վիճակագրությունը

ՑԱԽԱԼ-ի հրամանատարությունն ինքնին ընդունել է, որ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական արշավի ընթացքում զոհվել է մոտ 70 հազար մարդ։ Իսրայելական անկախ իրավապաշտպան խմբերի տվյալներով՝ զոհերի այս թվից մոտ 47 հազարը կանայք և երեխաներ են։

Միևնույն ժամանակ, իսրայելական ուժերը և հրեական ռազմականացված կազմավորումները ներկայում բռնության լայնամասշտաբ արշավ են վարում Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինցի բնակիչների դեմ, որտեղ այս տարվա սկզբից ի վեր արդեն սպանվել է ավելի քան 1000 պաղեստինցի։

Այսպիսով, ամերիկյան հետախուզական տվյալները կկարողանան անարգել հոսել դեպի արշավին մասնակցող իսրայելցի ուժայինները, որն առավել ևս վերջերս ամրապնդվել է ռասայական օրենքով, որը մահապատիժ է նախատեսում բացառապես ահաբեկչության համար դատապարտված պաղեստինցիների համար։

Ռազմարդյունաբերական համալիրների ինտեգրումը և զենքի էմբարգոյի արգելափակումը

Հետախուզությունների միաձուլման ծրագրերը ձեռք ձեռքի տված առաջ են շարժվում պաշտպանական համաձայնագրի հետ, որը ևս իր ճանապարհն է հարթում Կոնգրեսով՝ «Ազգային պաշտպանության հատկացումների մասին ակտի» (NDAA) շրջանակում։ Համաձայնագրի 224-րդ հոդվածը երկու երկրներին պարտավորեցնում է իրականացնել երկկողմ հետազոտություններ ու մշակումներ, ինչպես նաև ծավալուն կերպով ընդլայնել իսրայելական և ամերիկյան պաշտպանական արդյունաբերության ինտեգրումը։

Նման քայլը զգալիորեն կբարդացնի այնպիսի երկրների համար, ինչպիսին է Մեծ Բրիտանիան, Արևմտյան ափին կամ Գազայում Իսրայելի գործողությունների պատճառով վերջինիս զենքի վաճառքը կասեցնելու կամ արգելելու հնարավորությունը, քանի որ նրանց ռազմական տեխնոլոգիաների հսկայական մասը կիսված է ԱՄՆ-ի հետ։

Լոնդոնը մինչ օրս չի մտցրել դեպի Իսրայել զենքի արտահանման լիակատար արգելք մեծ մասամբ այն պատճառով, որ ամերիկյան F-35 կործանիչների համար բրիտանական արտադրության բաղադրիչները տեխնիկապես հնարավոր չէ առանձնացնել ինքնաթիռների մնացած մասից, որոնք օգտագործվում են Գազայի ռմբակոծությունների համար։

Քննադատությունը Կապիտոլիումից դուրս

Ռազմական ինտեգրման նախագծին դիմակայում է միայն երկկուսակցական փոքրաթիվ օրենսդիրների խումբ՝ դեմոկրատ կոնգրեսական Ռո Խաննայի և հանրապետական Թոմաս Մեսսիի գլխավորությամբ։ Սակայն առաջարկվող փոփոխությունների քննադատությունը հետախուզական ոլորտում հնչում է հիմնականում Կոնգրեսից դուրս՝ այնտեղ, որտեղ Նեթանյահուի կառավարության քաղաքական լոբբիստներն ավելի քիչ ազդեցություն ունեն։

Օրինագծի գլխավոր քննադատներից մեկը հանդես եկավ Լարա Ֆրիդմանը՝ Մերձավոր Արևելքում խաղաղության հիմնադրամի նախագահը, որի հաճախ անվանում են «լիբերալ սիոնիստ»։ Սոցիալական ցանցերում նա հայտարարեց, որ Իսրայելին ամերիկյան հետախուզության բուն հյուսվածքի մեջ ներառելու առաջարկը «հսկայական իրադարձություն է», որը պետք է բացահայտորեն քննարկի հասարակությունը, այլ ոչ թե «լուռ վերածվի օրենքի՝ առանց ավելորդ աղմուկի»։

Մյուս կողմից, իսրայելամետ խմբերն ու լոբբիստներն ակտիվորեն պնդում են ԱՄՆ անվտանգության ենթակառուցվածքներին Իսրայելի արագացված ինտեգրման անհրաժեշտությունը։ Նրանք միաժամանակ պահանջում են ընդլայնել «Աբրահամի համաձայնագրերը» (որոնք հաստատեցին Իսրայելի դիվանագիտական հարաբերությունները մի շարք արաբական երկրների հետ)՝ խթանելով ԱՄՆ պաշտպանական և հետախուզական համագործակցությունը արաբական վարչակարգերի հետ։

Ըստ նոր օրենսդրության՝ այն երկրները, որոնք ստորագրել են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրեր, նույնպես օգուտ կքաղեն ԱՄՆ-ի կողմից հետախուզական տվյալների փոխանակումից։ Ընդ որում՝ Իսրայելից չի պահանջվում մարդու իրավունքների ոլորտում որևէ պարտավորությունների կատարում՝ որպես փոխգործակցության ընդլայնման պայման։

Դա կտրուկ հակասում է, օրինակ, Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման պաշտպանության մասին ամերիկյան օրենսդրությանը։ Այնտեղ հստակ գրված է, որ ցանկացած համաձայնագիր անհապաղ կկասեցվի, եթե հայտնվեն «հավաստի հետախուզական տվյալներ այն մասին, որ Ուկրաինայի կառավարության այն կառույցը, որն ստանում է ԱՄՆ հետախուզական աջակցությունը, ներգրավված է մարդու իրավունքների համակարգված խախտումների, դաժանությունների կամ զինված հակամարտության օրենքների խախտումների մեջ»։