Դոնալդ Թրամփի ճնշումը Կուբայի վրա, կարծես, սկսել է արդյունք տալ։ Երկրի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել արմատական բարեփոխումներին, որոնք նախատեսում են տնտեսության զգալի հատվածի մասնավորեցում։ Այս միջոցների իրականացման դեպքում գործնականում փլուզված սոցիալիստական տնտեսությանը սպասվում են ամենախոշոր փոփոխությունները 1959 թվականի հեղափոխությունից ի վեր։

Դեպի շուկա շրջադարձին, հաղորդել է Reuters-ը, աջակցել են Կոմունիստական կուսակցությունը և երկրի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոն, որին ԱՄՆ-ը վերջերս մեղադրանքներ է առաջադրել՝ կապված 1996 թվականին հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռների խոցման հետ։ Թեև ներկա նախագահ Միգել Դիաս-Կանելը քվեարկությունից առաջ օրենսդիրներին կոչ էր արել պահպանել հավատը Կուբայի սոցիալիստական անցյալի նկատմամբ, հաստատված բարեփոխումների փաթեթը նախատեսում է պետական ձեռնարկությունների վերափոխում մասնավոր առևտրային բաժնետիրական ընկերությունների։ Մասնավոր բիզնեսը հասանելի կդառնա անշարժ գույքի և ֆինանսների ոլորտներին։

Բացի այդ, թույլատրվում է «պետական սեփականության վաճառքը ազգային և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց, ներառյալ արտերկրում բնակվող կուբացիներին»։ Ինչպես հայտնել է վարչապետ Մանուել Մառերոն պատգամավորների (որոնք ավանդաբար հաստատում են ղեկավարության որոշումները) առջև ունեցած գրեթե երկժամանոց ելույթում, 175 միջոցառումներից բաղկացած փաթեթը շուկան ճանաչում է որպես «ռեսուրսների արդյունավետ բաշխման գործիք»։

Մինչ այժմ Կուբայի Կոմկուսը հետևում էր Մարքսի պատգամներին՝ շուկայական տնտեսությունը համարելով անհամատեղելի սոցիալիստական կառուցման հետ։ Սակայն պետական ղեկավարները, ինչպես ԽՍՀՄ և Չինաստանի առաջնորդները, որ շուկայական բարեփոխումները նպատակ ունեն բարելավել սոցիալիզմը։ «Մենք չենք հրաժարվում սոցիալիզմից», — հայտարարել է նախագահ Դիաս-Կանելը։ Նկատի ունենալով ԱՄՆ պատժամիջոցները, որոնք փակել են նավթի և վառելիքի մատակարարումները Կուբա, նա հավելել է. «Այստեղ քննարկվում է երկընտրանքը՝ ինչպես շարունակել սոցիալիստական կառուցման գործընթացը, որը ենթարկվում է պատմության մեջ ամենաերկարատև շրջափակմանն աշխարհի ամենահզոր տերության կողմից»։ «Տնտեսական և սոցիալական մոդելի թարմացման հիմնական նպատակը մեր հայրենակիցների կյանքի որակի բարձրացումն է», — հավելել է վարչապետ Մառերոն։

Դեռ մինչև ամերիկյան շրջափակումը, որը սկսվել է այս տարվա հունվարին, Կուբան ընկղմվել էր իր ողջ հետհեղափոխական պատմության ամենածանր տնտեսական ճգնաժամի մեջ։ Իսկ նավթի ներմուծման կորուստը հանգեցրել է տնտեսության գրեթե լիակատար կանգի։ Շատերը չեն կարողանում գնալ աշխատանքի և ուսման, որովհետև հանրային տրանսպորտի զգալի մասը չի գործում։ Նույնիսկ Հավանայում էլեկտրականություն չկա օրվա մեծ մասի ընթացքում։ Դատարկ կաթսաների երթերի փոխարեն մարդիկ, վախենալով ձերբակալություններից, տանը նստած, օրվա մութ ժամերին բաց պատուհանների մոտ հարվածում են կաթսաներին։