Փաշինյանը չէր կատարել Ալիևին տրված խոստումը՝ պայքարել «անջատողականության» դեմ: Հիմա այդ անջատողականները խորհրդարանում ավելի շատ ձայն ունեն, քան 2021 թվականին: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Պարզ է, որ Ալիևը պիտի Փաշինյանին հիշեցներ ավանսով տրամադրած աջակցության մասին: Փաշինյանը փորձում է ներքին բռնաճնշումներով մեղմել Ալիևի զայրույթը, մանավանդ, որ այդ ճնշումների շահառուն էլի ինքն է։
Շատերը տարակուսած են, թե ընտրություններ կոչվող տրագիկոմիկ ֆարսից հետո Փաշինյանը ինչու գնաց իր վիճակի հավելյալ շիկացմանը։ Վեր կացավ և հայտարարեց, որ ընդդիմությանը ջախջախելու եմ, բանտերն եմ լցնելու, սնանկացնելու եմ և այլն։ Այն դեպքում, երբ սովորաբար քաղաքակիրթ երկրների քաղաքակիրթ առաջնորդները ընտրություններից հետո խոսում են ազգային համերաշխության, հանդուրժողական պաշտպանության, միասին երկիրը կառուցելու հրամայականի մասին։
Փաշինյանը դա չարեց, մանավանդ այն պայմաններում, որում գտնվում է Հայաստանը, երբ ներքին անհանդուրժողականությանը, անհանդուրժողականությունը և հասարակության պառակտվածությունը իրոք հասել են աղետալի և նույնիսկ ազգային անվտանգությանը սպառնացող մակարդակի։ Պատճառը մեկն է, որպեսզի կարողանար վերարտադրվել, Փաշինյանը կենսական զիջումների է գնացել Թուրքիային և Ադրբեջանին, նա իր հոգին փաստորեն ծախել էր Էրդողանին և Ալիևին։ Դրան ի պատասխան թե Ալիևը, թե Էրդողանը որոշակի քաղաքական ժեստեր էին արել, որոնք մեծացրել էին Փաշինյանի վերընտրվելու հավանականությունը։
Հիշո՞ւմ եք՝ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի իշխանության հետ խնդիր չունենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերը լուծված են, իսկ ընդիմությունը իրեն վատ է պահում։ Հիմա պետք է Փաշինյանը պարտքերը տա։
Ավելին ասեմ, զիջումների արմատը շատ ավելի խորն է գնում, մենք դեռ 24 թվականից էինք ասում, որ այն փաստաթուղթը, որը այս իշխանությունները ոգևորության պահին կոչում են խաղաղության համաձայնագիր, Հայաստանի համար որևէ հարց չի լուծում, փոխարենը լրացուցիչ պարտավորություններ է ենթադրում։ Դրա 8–րդ հոդվածում գրված է. «Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության, խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ, դրանց բոլոր դրսևորումներով»։
Ակնհայտ է չէ, որ Ալիևը ցանկացած մարդու, ցանկացած քաղաքական ուժի, ով խոսում է Արցախի մասին, ով խոսում է վերադարձի իրավունքի մասին, գերիները ազատելու մասին, Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության մասին, այդ բոլորին ինքը համարում է ահաբեկիչ, ծայրահեղական, անջատողական։ Եվ ահա այս թղթով ինքը պարտադրել էր Փաշինյանին, որ Փաշինյանը այդ ուժերի դեմ պայքարի, բայց Փաշինյանը էլի ձախողել է այդ պայքարը։ Դեռ մի բան էլ 26 թվականին 21 թվականի համեմատ այդ «ահաբեկիչները, անջատողական և ծառայողականները» խորհրդարանում ավելի շատ ձայներ ունեն։ Փաշինյանը չի կարողանում նույնիսկ երեք հինգերորդի շեմը հաղթահարել։
Պարզ է չէ, որ պետք է Ադրբեջանը զայրանար, պարզ է, որ Հաջիևին պետք է ուղարկեր Հայաստան, որ ասեր՝ մոռացե՞լ ես, որ ես քեզ պարտքով եմ աժանդակել, դե հիմա պարտքերս հետ բեր։
Սիրելի հայրենակիցներ, իրավիճակը իհարկե շատ ծանր է, բայց օրհասական չի, մենք կանգնած ենք երկիրը կորցնելու, երկիրը ադրբեջանապաշտ բռնակալություն սարքելու ճանապարհին։ Փաշինյանը դա է անում, բռնակալ ներսում, ով հլու հնազանդ կատարում է Ալիևի բոլոր պահանջները։ Պետք չի հուսահատվել, պետք է միասնականորեն բռունցքված ոչ ասել թե՛ Ալիևին, թե՛ Էրդողանին և ամենակարևորը Նիկոլ Փաշինյանին։ Այնպես որ պայքարը ավարտված չէ, պայքարը առջևում է»։


























