Եվրոպայում գրեթե յուրաքանչյուր չորրորդ ընտրողն այժմ քվեարկում է ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների օգտին։ Այսպիսին են 31 երկրներում ավելի քան 150 քաղաքագետների անցկացրած հետազոտության արդյունքները։ Նրանց մասնաբաժինը 1990-ականների կեսերից ի վեր աճել է գրեթե հինգ անգամ և հատկապես կտրուկ ավելացել է վերջին երեք տարիների ընթացքում, պարզել է բրիտանական The Guardian պարբերականը։

Ըստ վերլուծության՝ վերջին համապետական ընտրություններում ծայրահեղ աջ կուսակցությունների օգտին քվեարկողների տոկոսը հասել է ավելի քան 23%-ի, այնինչ տասը տարի առաջ այն կազմում էր մոտ 10%, իսկ 1995 թվականին՝ շուրջ 5%։ Միաժամանակ, եվրոպացիների գրեթե 30%-ն աջակցում է իսթեբլիշմենթի դեմ հանդես եկող կուսակցություններին, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է։

Ամստերդամի համալսարանի քաղաքագետ Մատեյս Ռուդոյնի ղեկավարությամբ՝ PopuList նախագծի շրջանակում իրականացված հետազոտությունը նշում է, որ աջակցության աճը հատկապես արագացել է 2023–2025 թվականներին։ Այս ժամանակահատվածում ծայրահեղ աջ կուսակցությունները զգալի հաջողությունների են հասել Եվրոպայի խոշոր երկրների ընտրություններում։

Ֆրանսիայում Ազգային միավորում կուսակցությունը դարձել է խորհրդարանի ամենամեծ քաղաքական ուժը 2024 թվականի ընտրություններից հետո։ Ավստրիայում Ավստրիական ազատություն կուսակցությունը մեծացրել է իր աջակցությունը՝ 16%-ից հասնելով 29%-ի։ Պորտուգալիայում Chega կուսակցության ցուցանիշն աճել է 7%-ից մինչև 18%։

Մեծ Բրիտանիայում Reform UK կուսակցությունը բարձրացրել է իր ձայների մասնաբաժինը 2%-ից մինչև 14%, իսկ Գերմանիայում Ալտերնատիվ Գերմանիայի համար (AfD) կուսակցությունը կրկնապատկել է իր արդյունքը՝ 10%-ից հասնելով 21%-ի՝ ընտրություններում զբաղեցնելով երկրորդ տեղը։

Հետազոտության տվյալներով՝ ծայրահեղ աջ կուսակցություններն այսօր ընդգրկված են Եվրոպայի մի շարք երկրների, դրանց թվում՝ Խորվաթիայի, Չեխիայի, Իտալիայի և Ֆինլանդիայի կառավարող կոալիցիաներում, ինչպես նաև աջակցում են փոքրամասնության կառավարություններին կամ առաջատար դիրքեր են զբաղեցնում այլ պետությունների սոցհարցումներում։

Վերլուծության հեղինակները նշում են, որ այս քաղաքական ուղղության աճը հանկարծակի երևույթ չէ. այն շարունակվում է տասնամյակներ ի վեր, սակայն արագացել է վերջին տարիներին։ Պատճառների թվում նշվում են քաղաքական դաշտում նմանատիպ կուսակցությունների կանոնավորումը, հանրային օրակարգի փոփոխությունը և արդյունավետ քաղաքական հաղորդակցությունը։

Քաղաքագետներն ընդգծում են, որ նման կուսակցություններն ակտիվորեն օգտագործում են «յուրայինների» և «օտարների» հակադրության նարատիվը՝ ուժեղացնելով ներգաղթի, անվտանգության և էլիտաների հանդեպ անվստահության թեմաները, ինչն էլ դրանք գրավիչ է դարձնում ընտրողների մի մասի համար։

Միաժամանակ, հետազոտողները նշում են, որ նմանատիպ շարժումները կարող են ազդեցություն ունենալ ժողովրդավարական ինստիտուտների կայունության վրա, հատկապես այն երկրներում, որտեղ դրանք գալիս են իշխանության կամ մասնակցում են կառավարող կոալիցիաներին։