ԱՄՆ դաշնային դատարանը չորեքշաբթի ընդմիշտ արգելափակել է ընտրական համակարգի բարեփոխման մասին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հրամանագրի մեծ մասը, ներառյալ այն դրույթները, որոնք ընտրողների գրանցման ժամանակ պահանջում էին քաղաքացիության պարտադիր փաստաթղթային հաստատում։ Դատավճռի  մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Որոշումն ընդունել է Բոստոնի ԱՄՆ շրջանային դատավոր Դենիզ Քասփերը՝ նախկինում սահմանված ժամանակավոր արգելքը փաստացիորեն վերածելով մշտականի։ Մեկ տարի առաջ նա արդեն ժամանակավորապես կասեցրել էր հրամանագրի առանցքային դրույթների իրականացումը։

Դատավորը մերժել է ԱՄՆ վարչակազմի փաստարկներն այն մասին, ըստ որոնց հայցը վաղաժամ է, քանի որ նորմերը դեռ ուժի մեջ չեն մտել։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ Սահմանադրությունը նախագահին չի օժտում ընտրությունները կարգավորելու լիազորություններով, և նման հարցերը պատկանում են նահանգների ու Կոնգրեսի իրավասությանը։

«Սահմանադրությունը նախագահին որևէ կոնկրետ լիազորություն չի տալիս ընտրությունների նկատմամբ»,- նշված է դատարանի որոշման մեջ։

Վիճարկվող հրամանագիրը նախատեսում էր ոչ միայն քաղաքացիության ստուգում ընտրողների գրանցման ժամանակ, այլև քվեարկության օրվանից հետո ստացված փոստային քվեաթերթիկների հաշվարկի արգելք, ինչպես նաև դաշնային ֆինանսավորման կրճատում այն նահանգների համար, որոնք չեն կատարում այդ պահանջները։

Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը ողջունել է որոշումը՝ հայտարարելով, որ դատարանն արգելափակել է «ընտրությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու հակասահմանադրական փորձը», և խոստացել է շարունակել ընտրական իրավունքների պաշտպանությունը։

Սա տվյալ հրամանագրի դեմ ընդունված առաջին դատական որոշումը չէ. ավելի վաղ Վաշինգտոնի դաշնային դատարանները ևս արգելափակել էին վարչակազմի փորձերը՝ դաշնային մակարդակով քաղաքացիության հաստատման պահանջներ ներդնելու ուղղությամբ։

Միաժամանակ, Թրամփի վարչակազմը շարունակում է առաջ մղել ընտրական կանոնների խստացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները, ներառյալ այսպես կոչված SAVE America Act-ը, որն առայժմ դիմադրության է հանդիպում Սենատում։