Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայացուցիչների հետ իր հանդիպման մասին։ Համապատասխան հայտարարությունները նա արել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է БЕЛТА-ն։

«Ահա հենց այս տեղում էին վերջերս Զելենսկու ներկայացուցիչները։ Ես նրանց ուղղակիորեն ասացի. «Տղանե՛ր, դուք փոխանցեք ձեր նախագահին. եթե նրան թվում է, թե մեզ հետ կարելի է այսպես խոսել և դեռ հետն էլ մեզ ներքաշել պատերազմի մեջ, ապա նա պետք է հասկանա, որ պատերազմի որակն ակնթարթորեն կփոխվի։ Այդ պատերազմը բոլորովին այլ կլինի»»,- հայտարարել է Լուկաշենկոն։

«Ի դեպ, մենք պատասխան ստացանք՝ նախագահը և նրանք դա հասկանում են։ Ուստի եկեք, տղանե՛ր, պայմանավորվենք։ Պետք է էականորեն պայմանավորվել»,- ասել է Բելառուսի նախագահը։

«Պետք չէ փոշի բարձրացնել, պետք չէ գոռալ, պետք չէ փորձել ռուսավարի դեմքին խփել և այլն։ Եկեք մարդավարի վարվենք։ Հասկանալով, թե ինչ է Ռուսաստանը և ինչ ենք մենք։ Այդ հասկացողությունը նույնպես կա»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նա ընդգծել է, որ Բելառուսին պետք չէ ներքաշել պատերազմի մեջ։

«Եվ պետք չէ մեզ դրդել նրան, թե իբր Բորիս Վյաչեսլավովիչը (Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը- ծանոթ. БЕЛТА-ի) գործընթաց է կազմակերպում, որպեսզի մեզ ներքաշի պատերազմի մեջ։ Մենք Ռուսաստանի նախագահի հետ հազար անգամ քննարկել ենք այս թեման։ Դե ինչպե՞ս այստեղ կռվել ուկրաինացիների դեմ, եթե այն կողմից հիմնականում տարածքային զորքերն են։ Մենք, ի՛նչ է, կրակելո՞ւ ենք այդ մեխանիզատորների, կթվորուհիների ու բանվոր տղաների (որոնք մտնում են տարածքային զորքերի կազմի մեջ- ծանոթ. БЕЛТА-ի) վրա, որոնք չեն ուզում կռվել բելառուսների դեմ։ Մենք նույնպես չենք ուզում կռվել ուկրաինացիների դեմ»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մեր դիրքորոշումը խաղաղասիրական է։ Բայց ցանկացած իրավիճակում մենք լինելու ենք Ռուսաստանի կողքին»,- հավաստիացրել է նա։