Ուկրաինայի ԶՈւ 154-րդ առանձին մեխանիզացված բրիգադի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Կոնոննիկովը, կիրակի՝ հունիսի 28-ին, հայտնաբերվել է առանց կյանքի նշանների, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի Զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարությանը։

Հրամանատարությունից հայտնել են, որ իրավապահ մարմիններն արդեն սկսել են առաջնահերթ քննչական գործողությունները, ինչպես նաև նշանակվել է ծառայողական քննություն։

Նախնական տվյալներով, բռնի մահվան նշաններ չեն հայտնաբերվել։ Վերջնական եզրակացությունները կարվեն քննության արդյունքներով, ճշտել են Ուկրաինայի ԶՈւ-ում։

Օպերատիվ հրամանատարությունում ընդգծել են, որ աջակցություն են ցուցաբերում քննությանը և կոչ են արել ԶԼՄ-ներին ու հանրությանը չտարածել չստուգված տեղեկատվություն, ինչպես նաև հարգել զոհվածի ընտանիքի անձնական կյանքը։

Ուկրաինայի ԶՈւ-ում Վլադիմիր Կոնոննիկովին բնութագրում են որպես Ուկրաինային նվիրված սպա և պատասխանատու հրամանատար, որը հոգ էր տանում իր բրիգադի անձնակազմի մասին։