Մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները կարելի է համարել հիմնովին կեղծված, քանի որ նրանք անցել են զանգվածային, պետականորեն կազմակերպված օրինախախտումներով, բազմակի քվեարկության, ընտրողների ուղղորդելու, կաշառելու միջոցով: Այս մասին այսօր` մայիսի 8-ին, Ազատության հրապարակում, Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, կեղծված ընտրությունների արդյունքում լցոնվել է մոտ 600 հազար ձայն: «Մեր դիտարկումների համաձայն, այդ ձայներից 500 հազարը լցոնվել է ՀՀԿ-ի օգտին եւ մոտ 50 հազարական երկու կուսակցությունների օգտին, որոնց անունները կտամ մեր ուսումնասիրություններից հետո, քանի որ չեմ ուզում մերկապարանոց հնչի ասածս»,-ասաց նա:
Զուրաբյանի ներկայացմամբ, «Սերժ Սարգսյանի ռեժիմը հաստատել է այնպիսի համակարգ, որի պայմաններում ոչ մի ուժ, թեկուզ ստանա ողջ հասարակության աջակցությունը, ՀՀԿ-ն ոչ միայն կապահովի իր ներկայությունը, այլեւ իր ուզած կուսակցությւոններին կնշանակի ընդդիմության դերում»:«Այսուհետեւ մեր միակ գործը պիտի լինի` համախմբելով ՀԱԿ դրոշի տակ մեր ժողովրդի ազնիվ մարդկանց, պատերազմ հայտարարել անբարո եւ ցանկացած արժեք պղծողներին: Մենք նրանց դեմ պետք է կռվենք բոլոր ճակատներում, փողոցներում եւ խորհրդարանում, որովհետեւ եթե սրանք մի քիչ էլ մնան, ազգի սերուցքը լքելու է Հայաստանը»,-ընդգծեց Զուրաբյանը:
Անդրադառնալով այն փաստին, որ ՀԱԿ-ը ընդամենը 7 պատգամավոր է ունենալու խորհրդարանում, նա ասաց. «Շատերին կարող է թվալ, թե ինչ նվաճեցինք փոքր բան է, բայց այս բռնապետության պայմաններում այս ճեղքումը բացում է Կոնգրեսի առաջ կարեւոր մի դուռ, որ խորհրդարանում մենք ուղղակի ջարդենք նրանց: Նրանք քուն ու դադար չեն ունենալու, իսկ եթե պետք լինի, նաեւ ձեր աջակցությունն ենք խնդրելու եւ միասին գնանք խորհրդարան»:
Իր ելույթում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մի քանի անգամ կրկնել է, որ Հայ ազգային կոնգրեսը միակ ընդդիմությունն է: Նա իր խոսքում ընդգծեց, որ ընտրացուցակներն ուռճացված են, ապա բերելով պաշտոնական վիճակագրության տվյալներն, ընդգծեց, որ նույնիսկ այդ տվյալներով, ընտրացուցակներով նման թիվ չէր կարող լինել:


























