Գլխավոր դատախազությունը քննում է Գյումրիում «ԳԱԶԵԼ»-ից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեսանյութը:
Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է.
«Գալա» հեռուստաընկերության` մայիսի 6-ին ցուցադրած տեսանյութի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի` 2012թ. մայիսի 6-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Շարլ Ազնավուրի» անվան հրապարակում «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի շուրջ քաղաքացիներ են հավաքված եւ ըստ հեռուստաընկերության հաղորդման` ընտրակաշառք են բաժանում:
Ընտրակաշառք բաժանելու հանգամանքը պարզելու, ավտոմեքենայի մեջ գտնված եւ եւ դրա շուրջ հավաքված քաղաքացիների ինքնությունը պարզելու համար մայիսի 6-ին Շիրակի մարզի դատախազը հանձնարարել էր ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնի պետ Վ. Շաշիկյանին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել:
Նկատի ունենալով, որ մինչ օրս նշված անձանց ինքնությունները չեն պարզվել եւ քննության չեն ներկայացվել Շիրակի մարզի դատախազը մայիսի 8-ին կրկին հանձնարարել է սեղմ ժամկետում ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում գտնված եւ ավտոմեքենայի շուրջ հավաքված անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու եւ քննության ներկայացնելու ուղղությամբ»:


























