Թուրքիայի քաղաքներում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել փակել քրդական Ժողովրդավարական հասարակություն կուսակցությունը։ Շուրջ հազար մարդ բողոքի ցույց է կազմակերպել Դիարբեքիրում։ Ցուցարարները վառվող շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ։ Ի պատասխան նրանց գործողությունների՝ ոստիկաններն արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են կիրառել։

Հաքքարիում խաղաղ ցույցը վեր է ածվել ոստիկանների հետ բախման։ Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր եւ վառվող շշեր են նետել, կոտրել են խանութների ցուցափեղկեր եւ աղբամաններ են այրել։ Ոստիկաններն այստեղ եւս արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են կիրառել։ Տասնյակ մարդիկ ձերբակալվել են։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիայի Սահմանադրական դատարանը 4-օրյա քննարկումներից հետո որոշում է կայացրեց, որ հիշյալ կուսակցությունը պետք է փակվի։ Թուրքիայի ՍԴ նախագահ Հաշիմ Քըլըչը հայտնել է, որ կուսակցության փակման որոշումը կապված է կուսակցության՝ PKK-ի հետ կապեր ունենալու, Թուրքիայի անբաժանելիության սկզբունքին վնասներ հասցնելու հետ։ Նրա խոսքով, «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության ղեկավար Ահմեդ Թուրքը եւ իր բազմաթիվ այլ կուսակիցներ զրկվել են քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից։ Բացի այդ, պետությունը կբռնագրավի հիշյալ կուսակցության գույքը եւ այլ միջոցներ։ Դեկտեմբերի 11-ի քննարկումը տեւել է 8 ժամ։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը տվյալ կուսակցությունը փակելու հայցը ներկայացրել է 2007 թվականի նոյեմբերի 16-ին։ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը մեղադրվում է Թուրքիան մասնատելուն միտված գործողությունների մեջ։ Հայցում պահանջվում է կուսակցության 221 անդամներին զրկել քաղաքական գործունեության իրավունքից։ Հայցադիմումում ներկայացված է 141 պատճառ, որի համար անհրաժեշտ է փակել հիշյալ կուսակցությունը։

Նշենք, որ հիշյալ կուսակցության անդամները թուրքական խորհրդարանում պարբերաբար հանդես են գալիս հայերի օգտին հայտարարություններով։ Օրինակ, այդ կուսակցության երիտասարդ պատգամավոր Սելահեթին Դեմիրթաշը Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների քննարկումների ժամանակ մեղադրել է Թուրքիայի իշխանություններին հայերի կոտորածները դասագրքերում չզետեղելու եւ դրա փոխարեն սխալ տեղեկություններ տալու մեջ։