Հայ ազգային կոնգրեսի անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի համար ընկալելի չէ Հայ ազգային կոնգրեսի պահելաձեւը վերջին մեկ տարվա ընթացքում, մասնավորապես, իշխող կոալիցայի հետ երկխոսություն սկսելու, ապա ԲՀԿ-ի հետ համագործակցելու հարցերում: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ինքը` Պետրոս Մակեյանը, ընդգծելով, սակայն, որ այդ ամենով հանդերձ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունում ՀԱԿ-ը լքելու հարցով խմորումներ չկան:

Նշենք, որ այդպիսի խոսակցություններ էին տարածվել այն բանից հետո, երբ Պետրոս Մակեյանը քննադատել էր ՀԱԿ-ի կեցվածքը` նշելով, որ ՀԱԿ-ի մայիսի 8-ին կայացած հանրահավաքն «իմիտացիոն փողոցային պայքարի տպավորություն ստեղծեց»:

Մեզ հետ զրույցում Պետրոս Մակեյանը շեշտեց, որ ՀԱԿ-ի չլքելու դիրքորոշումն իր անձնական տեսակետն է, իսկ կուսակցությունն իր տեսակետը կարտահայտի քաղաքական խորհրդում եւ համագումարում:

«Մեր բացասական դիրքորոշումը ՀԱԿ-իշխանություն երկխոսության, ապա նաեւ Կոնգրես-ԲՀԿ համագործակցության մասին արտահայտել ենք բազմիցս, դա մնում է նույնը»,- նշեց նա: Հարցին, թե այդ հարցերում դժգոհությունը բավարար չէ՞ ՀԱԿ-ից դուրս գալու համար, կամ մտավախություն չունե՞ք, որ ապագայում եւս ՀԱԿ-ը նման պահելաձեւ կդրսեւորի, Պ. Մակեյանն արձագանքեց, խնդիրը տեսնում են ոչ թե լքել-չլքելու մեջ, այլ այն ուժային կենտրոնում, որը կարող է այդ իրավիճակը փոխել: Նա հավատում է, որ երկրում սահմանադրական կարգը կարող է վերականգնել միայն ՀԱԿ-ը:

«Այսօր, ցավոք սրտի, Կոնգրեսին ժողովուրդն այլեւս ուժային կենտրոն չընկալեց, որովհետեւ իշխանությունները համատարած իրենց ընտրակաշառքով, անսահման ցինիզմով, ժողովրդի վրա վարչական ռեսուրսով, անսահման ճնշումով, ժողովրդին թույլ չտվեցին կողմնորոշվելու: Եթե թույլ տային, ապա միգուցե իրենք ընկալեին ՀԱԿ-ին որպես ուժային կենտրոնի, բայց ՀԱԿ-ի սխալների արդյունքում հնարավորություն ընձեռվեց իշխանությանը ժողովրդին ապակողմնորոշել»,- նշեց նա:

Անդրադառնալով մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի 7 տոկոս ձայն ստանալուն` նա նշեց, որ դա ոչ մի կապ  չունի ՀԱԿ-ի իրական վարկանիշի հետ. «Ընտրություն Հայաստանում որպես այդպիսի չի եղել, այն  եղել է երկու հարթության մեջ, մի հարթությունը դա եղել է այն, ինչ տեսել ենք հեռուստատեսությամբ ընտրություն, մեկը, որ արձանագրել են դիտորդները եւ որը ցուցադրվում էր հեռուստատեսությամբ, իսկ իրական ընտրությունը եղել է մայիսի 6-ից առաջ` ընտրողների անձնագրային տվյալների հավաքագրումով, համատարած ընտրակաշառաքները, ես ժողովրդին մեղադրանք չեմ ներկայացնում, ես ներկայացնում եմ առաջին հեթին իշխանությանը, որ ժողովրդին հասցրել է այդ մակարդակին»,- նշեց նա:

Նշենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի նախնական արդյունքներով` Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն, ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն, ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն, «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն, ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն, ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն: