Գոհար Վեզիրյանն ու Անուշավան Դանիելյանը կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության: Այդ մասին այսօր` մայիսի 10-ին, արտահերթ նիստի ընթացքում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը:
Նա հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել մայիսի 6-ին Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ երրորդ հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը` ապրիլի 1-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածի համար:
Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը ներկայացրել է վիճակագրական տեղեկատվություն` նախընտրական հիմնադրամների բացման եւ հայտարարագրերի ներկայացման վերաբերյալ:
Ըստ այդմ` նախընտրական հիմնադրամներ են բացել 126 թեկնածու, որոնցից 124-ն են նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով: Բացառություն են կազմել Գոհար Վեզիրյանը` 12-րդ ընտրատարածք եւ Անուշավան Նիկողոսյանը` 32-րդ ընտրատարածք: Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգիրքը խախտելու համար ԿԸՀ կդիմի առաջին ատյանի դատարան` նրանց վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով, տուգանքը կարող է կազմել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի կամ երկուհարյուրապատիկի չափով:
Վեց թեկնածու դեռեւս ունեն տարբեր չափերի պայմանագրային պարտավորություններ: Բացված նախընտրական հիմնադրամներից 79-ում քվեարկության օրվանից հետո առկա են մնացորդներ, իսկ 47-ում մնացորդը զրոական է: Արձանագրվել է թեկնածուի կողմից իր նախընտրական հիմնադրամ օրենսգրքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի վճարման մեկ դեպք:


























