Երեւանում կայացել է «Օրինաց Երկիր» կոալիցիոն կուսակցության հերթական համագումարը: Համագումարի պատվիրակներին ողջույնի խոսքով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր Հայաստանում իր հաստատուն տեղն ու դերն ունեցող քաղաքական ուժ է, որն իր ժողովրդականությունն ապացուցել է բոլոր վերջին համապետական ընտրություններում",- նշել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ, մտնելով կառավարող կոալիցիայի մեջ, կուսակցությունը կոալիցիոն գործընկերների հետ ստանձնել է պատասխանատվություն Հայաստանի ապագայի համար, սերտորեն եւ արդյունավետ աշխատելով կոալիցիայում, դրսեւորել է իրեն՝ որպես պատասխանատու քաղաքական ուժ:

«Ես գոհունակությամբ եմ նշում ՕԵ-ի աշխատանքը կոալիցիայի շարքերում, նաեւ կուսակցության խորհրդարանական խմբակցության եւ նրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանի՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում իրականացրած գործունեությունը: Մեր համագործակցության մեջ մենք հենվում ենք փոխադարձաբար ընդունելի գաղափարների ու սկզբունքների վրա»,- նշել է նախագահը: Ընդ որում, նա ընդգծել է, թե Հայաստանում իրավական պետության ստեղծման, իշխանության ճյուղերի իրական տարանջատմանը հասնելու եւ ժողովրդավարական նորմերի խորացման համար անհրաժեշտ է երկար եւ ծանր ճանապարհ անցնել, ինչպես արել են շատ պետություններ: «Բայց մենք բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ գլոբալ մրցակցության ներկա պայմաններում մենք այդքան ժամանակ պարզապես չունենք և մյուսների անցած ճանապարհը պետք է անցնենք բազմապատիկ կարճ ժամանակահատվածում»,- նկատել է նախագահը:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, թե իրավական պետություն կարելի է կառուցել միայն հանդուրժողականության, վստահության, փոխհամաձայնության եւ բարու մթնոլորտում: "Այո, մենք դեռ լուրջ ճանապարհ ունենք անցնելու, ճանապարհ, որ տանում է դեպի իրավունքի գերակայության սկզբունքի հաստատում, իշխանությունների իրական բաժանում եւ հավասարակշռում, մարդկային արժանապատվության, ազատության, հավասարության հարգում ու երաշխավորում: «Այո, այսօր կա որոշակի առաջընթաց այդ ճանապարհին, բայց դա դեռ բավարար չէ, քանի մեր հասարակության մեջ դրսեւորվում են անհանդուրժողականությունը, չարակամությունը, կեղծիքը, եւ այդ երեւույթները անհրաժեշտ է արմատախիլ անել՝ արդյունավետ իրավական բարեփոխումների համար: Վատ է նաեւ, որ մամուլում կառուցողական քննադատության փոխարեն կոշտ չարակամությունն է տիրում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Վստահ եմ նաև` ուժով ու բռունցքով չէ, որ մարդասիրություն պետք է տարածել: Այն պետք է տարածել զավակին իսկական մարդ դաստիարակելու, գերազանց սովորողին ու ստեղծողին խրախուսելու, ազնիվ մարդուն մատնացույց անելու և ստորությունը հրապարակավ մերժելու ճանապարհով, ճիշտ միջոցներով»,- ասել է նախագահը եւ հավելել, թե չնայած տնտեսական ճգնաժամին, Հայաստանի իշխանությունները կկարողանան իրականացնել իրենց ծրագրերը՝ ոչ միայն կարճաժամկետ, այլեւ երկարաժամկետ: Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել «Օրինաց Երկրին»:

Կառավարող կոալիցիայի գործընկերներին ողջունել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: