Լեռնային Ղարաբաղի հանրապետության 2010թ. պետբյուջեից սոցիալական ոլորտին տրամադրվող գումարների կրճատումը չի անդրադառնա սոցիալական ծրագրերի իրականացման վրա։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասցատրյանը։

Նա նաեւ նշել է, որ ծնելիության եւ բազմազավակության ծրագրի շրջանակներում երկրորդ երեխայի ծնվելու դեպքում նախկին 100 հազար դրամի փոխարեն կտրմադրվի 200 հազար դրամ միանվագ գումար։ Սահմանափակ կարողություններով մարդկանց հասարակության մեջ ներգրավելու նպատակով պետբյուջեից կտարամադրվի 30 մլն դրամ։

Ղարաբաղյան պատերազմի հետեւանքով զոհված երկու եւ ավելի մարդկանց ընտանիքներին կտրվի 15 հազարական դրամ՝ յուրաքանչյուր զոհվածի համար։

Համաձայն ԼՂՀ պետբյուջեի նախագծի՝ սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 15,6 մլրդ դրամ, ինչը 2009թ. համեմատ կրճատվել է 380.2 մլն դրամով։

Հիշեցնենք, որ ԼՂՀ 2010թ. պետբյուջեն նախատեսում է 55 մլրդ 205 մլն 824 հազար դրամի եկամուտ, 58 մլրդ 846 մլն 207.5 հազար դրամի ծախսեր, իսկ դեֆիցիտը կկազմի 3 մլրդ 640 մլն 365.5 հազար դրամ։