ՀՅԴ-ն մտադիր չէ կոալիցիա կազմել Հայաստանի հանրապետական կուսակցության հետ: Այդ մասին Ընտրությունների վերահսկողության միացյալ շտաբի նիստին ասել է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը`նկատելով, որ 2009թ. կոալիցիան լքելուց հետո իրենց բազմիցս առաջարկել են վերադառնալ:

Ռուստամյանը նշել է, թե ՀՅԴ-ն բազմիցս է հայտարարել, որ մասնակցում է ընտրություններին լիակատար իշխանափոխության հասնելու նպատակով` անկախ դրանց արդյունքներից:

«Մենք մեր հույսը պետք է դնենք միայն մեր վրա, պետք չէ մտածել, թե փրկիչները դրսից կգան, ժողովուրդն ինքը պետք է մտածի իր ձայների մասին»,- ասել է Ռուստամյանը:

Նա նաեւ նշել է, թե իրենց ներկայությունն ԱԺ-ում չի բացառում պայքարը փողոցներում: Մենք պայքարելու ենք ինչպես խորհրդարանում, այնպես էլ դրա պատերից դուրս: Իշխանության նպատակն է, որ քաղաքական ուժերը չմտնեն խորհրդարան, իսկ հիասթափված ժողովուդը լքի երկիրը»,- ասել է Ռուստամյանը` հավելելով, որ պատգամավորական մանդատների թիվը այնքան էլ կարեւոր չէ ՀՅԴ-ի համար, քաղաքական նպատակին հասնելու համար: