Հաջորդ տարվա մայիսին Երեւանում ականազերծող ռոբոտների մրցույթ է անցկացվելու։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ ավելացնելով, որ Պաշտպանության նախարարությունը հետաքրքրություն է ցուցաբերում այդ մրցույթի նկատմամբ։

Ըստ նրա՝ Հայաստանում կան բազմաթիվ երիտասարդներ, որոնք փորձում են ռոբոտատեխնիկայով զբաղվել եւ որոշակի հաջողություններ են գրանցում։ Հայաստանում ռոբոտատեխնիկան եւ տեղեկատվական տեխնելոգիաների կիրառմամբ ինժեներական լուծումները զարգացնելու համար արդեն առաջնություններ անցկացվում են։ Դեկտեմբերի 12-ին կազմակերպված «ԱրմՌոբոտիքս» մրցույթին մասնակցում էին 3 թիմեր։ Ուսանողները ներկայացրել էին երեք տարբեր ռոբոտներ, որոնք հիմնականում կատարում էին նույնանման գործառույթներ։ Պատրաստված ռոբոտները համապատասխան իրերը տարբերակում եւ դասակարգում էին հատկացված տեղերում։