Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը ձեռք է բերել Avenue Group ընկերությանը պատկանող «ՄՍՄ- ինվեստ» ընկերությունը, ինչպես նաեւ դարձել է գրասենյակային եւ բնակելի շենքերի շինարարությամբ զբաղվող Mirax Group ընկերության գործընկեր` վերջինիս շինարարական նախագծի ֆինանսավորման դիմաց ձեռք բերելով նախագծի 55 տոկոսը:
«Բիզնես 24»-ի փոխանցմամբ՝ Mirax Group ընկերության կողմից իրականացվող շինարարական նախագիծը, որը հաստատվել է 2006թ.-ին, գնահատվում է շուրջ 400 մլն դոլար։ «ՄՍՄ- ինվեստ» ընկերության կողմից ներկայումս իրականացվող 207 հազար քառ.մ ընդհանուր մակերեսով բնակելի շենքերի շինարարական նախագծի ընդհանուր արժեքը մինչեւ ճգնաժամը կազմում էր 200 մլն դոլար, իսկ այժմ այն գնահատվում է 50-100 մլն դոլարի սահմաններում:
Ինչպես նշել են «Տաշիր» ընկերության ներկայացուցիչները` «ՄՍՄ-ինվեստ» ընկերության կողմից իրականացվող շինարարական նախագծի շրջանակներում շինարարական աշխատանքները արդեն սկսվել են, եւ բացի բնակելի շենքերի համալիրի շինարարությունից, նախատեսվում է նաեւ գրասենյակային եւ առեւտրային նպատակներով տարածքների շինարարություն: Շինարարության ընդհանուր արժեքը, ներառյալ շինարարական նախագծի ձեռքբերման ծախսերը, գնահատվում է շուրջ 500 մլն դոլար:
Նշենք, որ ամերիկյան Forbes ամսագիրը Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունը ներառել է 2008թ. ընթացքում առեւտրային նշանակության տարածքների վարձակալությամբ խոշորագույն ընկերությունների վարկանիշայի ցուցակի 8-րդ հորիզոնականում: Ընկերության հասույթն այս գործունեությունից գնահատվում է շուրջ 130 մլն դոլար: Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրն է:



























