NEWS.am-ը զրուցել է 10-րդ ընտրատարածքի թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի հետ:
Պարոն Հովհաննիսյան, արդեն մեկ շաբաթ է՝ մեկնարկել է քարոզարշավը, Դուք ինչպե՞ս եք անցկացնում:
Քարոզարշավը անցկացնում եմ հետեւյալ կերպ, իմ բոլոր աջակիցները, դրանք մարդիկ են, ովքեր ինձ հետ միասին ժամանակին լծվեցին ՀԺԿ կազմավորման գործին, երբ ես «Հայաստանի ժողովրդական կուսակցության» կազմկոմիտեի անդամն էի, ուշադիր հետեւում են, թե իշխանությունները ինչ քայլեր են ձեռնարկելու այն խուժանին, որին բոլորը տեսան հեռուստատեսությամբ, խորհրդարան անցկացնելու համար: Ուշադիր հետեւում են Հանրապետականի գործողություններին, կամ, ընդհանրապես, թե ինչ է արվում այդ «չոռնի» թեկնածուին խորհրդարան խցկելու նպատակով:
Արա Սիմոնյանի՞ն նկատի ունեք:
Այո: Ես իմ թեկնածությունը հանելու եմ, չեմ կարող համաձայնել անհավասար մրցակցությանը, բնականաբար, ի օգուտ քաղաքական հալածյալի եմ հանելու, ու իմ շտաբները, իմ մարդիկ շարունակելու են հետեւել, որովհետեւ 10-րդ ընտրատարածքում հայտնի սեւ անձնավորությունները նպատակ են դրել ընտրակեղծիքներով խորհրդարան խցկել գողական խուժանին:
Ե՞րբ եք հանելու թեկնածությունը:
Դա իմ գործն է, մինչեւ դեկտեմբերի 31-ը ես էդ իրավունքը ունեմ:
Պարոն Հովհաննիսյան ինչո՞ւ սկսեցին համառորեն լուրեր շրջանառվել, թե Դուք եք իշխանության դրածոն:
Դա արվում է նրա համար, որ իմ եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ առաջացնեն անվստահություն, կոնֆլիկտ, որից կշահեր իշխանության թեկնածուն՝ «Ազգային Միաբանության» անդամը, որը հասարակությանը ներկայացավ՝ որպես Սիլաչիի լավ տղա:
Հիմնական նպատակը հետեւյալն էր, որ ընտրապայքարից ինձ հեռացնեին ժամ առաջ, որպեսզի ես չկարողանամ նպաստել ընդդիմադիր ընտրազանգվածի ակտիվացմանը: Մինչ թեկնածությունս հանելը, նպաստելու եմ ընդդիմադիր ընտրազանգվածի համախմբմանը, որպեսզի այն մութ ուժերը, որոնք նպաստեցին մարտի 1-ի արյունահեղության կազմակերպմանը, մարտի 1-ին ամեն կերպ հորդորեցին, որպեսզի իշխանությունները սպանդ կազմակերպեն, այդ ուժերի ներկայացուցիչը չմտնի խորհրդարան:
Եթե Ձեր իրական մրցակիցը Արա Սիմոնյանն էր, ապա ինչո՞ւ սկզբում տարաձայնություններ առաջացան Ձեր եւ Վովա Կոստանյանի միջեւ:
Վովա Կոստանյանը նույն Գագիկ Բեգլարյանի դրածոն էր, որի միջոցով փորձում էին իմ եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ տարաձայնություններ առաջացնել ու պառակտել ընտրազանգվածին՝ այդպիսով ապահովելով ԱՄ-ական գողականի՝ Գագիկ Բեգլարյանի բարեկամ Արա Սիմոնյանի մուտքը խորհրդարան:
Ձեր՝ մի քանի կուսակցություններ փոխելու վերաբերյալ հնչող քննադատություններին ինչպե՞ս եք վերաբերվում:
Դուք ցույց տվեք քաղաքականության ասպարեզում որեւէ մեկին, ով չի եղել մեկ կամ երկու կուսակցության անդամ: Մեզանում կուսակցությունները չեն կայացել, մեզանում կուսակցությունները նման են խմբավորումների, եւ ես միշտ համագործակցությունը ստորադասել եմ գործին։ Եթե կա ընդհանուր ծրագիր, ուրեմն պետք է լինի համագործակցություն, եթե կա ընդհանուր գաղափար, պետք է լինի համագործակցություն: Համագործակցությունը եւ անդամակցությունը կուսակցությանը տարբեր բաներ են: Ես համագործակցել եմ շատ-շատ գործիչների հետ եւ ստեղծել բազմաթիվ հասարակական ու իրավապաշտպան կազմակերպություններ: Որպես քաղաքագետների միության նախագահ՝ համագործակցել եմ բոլոր կուսակցությունների հետ։ Ես քաղաքական տեխնոլոգ եմ, իսկ դա հազվագյուտ մասնագիտություն է: Ես պարտավոր եմ քաղաքական խորհրդատվությունը տրամադրել բոլոր նրանց, ովքեր ցանկություն կունենան:




























