ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ ստորագրել է նոր ռազմական ակադեմիա՝ ԱՄՆ Տիեզերական ուժերի ակադեմիա (U.S. Space Academy) ստեղծելու մասին հրամանագիր, որը պատրաստելու է մասնագետներ ԱՄՆ Տիեզերական ուժերի, NASA-ի և քաղաքացիական տիեզերական ոլորտի համար, հաղորդում է NBC News-ը։
Ելույթ ունենալով Հյուսթոնում գտնվող NASA-ի Լինդոն Ջոնսոնի անվան Տիեզերական կենտրոնում, Թրամփը հայտարարել է, որ ակադեմիայի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է Տիեզերական ուժերի և առևտրային տիեզերական արդյունաբերության արագ զարգացմամբ, ինչպես նաև Լուսնի և ավելի հեռավոր տիեզերքի յուրացման ամերիկյան ծրագրերի ընդլայնմամբ։
«Ակնհայտ է, որ մեզ անհրաժեշտ է կրթել և պատրաստել որակյալ զինծառայողների, ինժեներների, քաղաքացիական տիեզերական ոլորտի մասնագետների և այլոց մի ամբողջ սերունդ, որոնք պետք են մեր խնդիրները կատարելու համար», — ասել է նախագահը։
Թրամփն առայժմ չի բացահայտել ապագա ակադեմիայի մանրամասները։ Ըստ նրա, դրա տեղակայման վայրը կընտրվի «շատ շուտով»։
Ավելի ուշ նույն օրը Թրամփը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որն ԱՄՆ աստղագնացների հետ Միջազգային տիեզերակայանում կապ հաստատեց անմիջապես NASA-ի Թռիչքների կառավարման կենտրոնից։
Անձնակազմի հետ զրույցի ընթացքում նախագահը աստղագնացներին պատմել է նոր ակադեմիայի ստեղծման մասին։ «Շնորհավորում եմ բոլորիդ։ Եվ զգույշ եղեք։ Հոգ տարեք ձեր մասին։ Մենք բոլորս սիրում ենք ձեզ», — ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև NASA-ի Artemis II առաքելության անձնակազմի անդամներին հանձնել է Կոնգրեսի տիեզերական պատվո մեդալը։ Այս առաքելության աստղագնացները ավելի վաղ այս տարի թռիչք էին կատարել Լուսնի շուրջ։
Աստղագնաց Ջեք Հեթըուեյը, որը միաժամանակ ԱՄՆ ռազմածովային ուժերի սպա է, ողջունել է ակադեմիայի ստեղծման մասին որոշումը։ «Ես ավարտել եմ Ռազմածովային ակադեմիան։ Վստահ եմ, նրանք շատ ուրախ կլինեն աջակցել այս նախաձեռնությանը», — ասել է նա Թրամփին։
ՄՏԿ-ի անձնակազմի հրամանատար Ջեսիկա Մեյրը հայտարարել է, որ աստղագնացները կշարունակեն անել հնարավոր ամեն ինչ՝ տաղանդավոր երիտասարդներին և մասնագետների նոր սերնդին ոգեշնչելու համար։
Ելույթ ունենալով Հյուսթոնում՝ Թրամփը նաև վստահություն է հայտնել ամերիկյան տիեզերական ծրագրի հետագա ընդլայնման վերաբերյալ։ Նա ասել է, որ ապագայում «Լուսնից շատ ավելի հեռու» թռիչքները կդառնան այնքան սովորական, որ հենց Լուսինը կհամարվի մոտակա վայր։





























