ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող իրանական օբյեկտներին՝ գործողությունն անվանելով պատասխան հարված ռազմավարական ջրային ուղում ծովային ականներ տեղադրելու Թեհրանի փորձին և Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծմանը: Այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական ցանցում:

Ամերիկայի նախագահի խոսքով՝ հարվածները «խոշոր են և հզոր»: Թրամփը պնդում է, որ Իրանը փորձել է ականապատել Հորմուզի նեղուցը, սակայն ականներն ամբողջությամբ վնասազերծվել կամ ոչնչացվել են:

Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ Իրանը ութ հրթիռ է արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ, սակայն դրանք բոլորը, նրա խոսքով, խոցվել են:

«Միացյալ Նահանգներն այս պահին հարվածներ են հասցնում Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող իրանական թիրախներին: Հարվածները խոշոր են և հզոր», — գրել է Թրամփը:

Նա ամերիկյան գործողությունն անվանել է պատասխան Իրանի քայլերին և նախազգուշացրել Թեհրանին հնարավոր պատասխան հարձակման հետևանքների մասին:

«Եթե ձախողված պետություն Իրանը պատասխանի այս լիովին արդարացված հարձակմանը, ապա նրա ուղղությամբ էլ ավելի հզոր ու լայնամասշտաբ հարված կհասցվի», — հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Միևնույն ժամանակ Թրամփը հասկացրել է, որ ընթացիկ գործողությունը, նրա խոսքով, ամերիկյան պատասխանի առավելագույն տարբերակը չէ:

«Սակայն սա դեռ ամենախոշոր հարձակումը չէ․ այն սպասում է իր ժամին, և երբ ավարտվի, Իրանի Իսլամական Հանրապետությունից շատ քիչ բան կմնա», — գրել է նա:

Թրամփի հայտարարությունը հնչել է Հորմուզի նեղուցի շուրջ իրադրության նոր կտրուկ սրման ֆոնին: Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին՝ նշելով, որ գործողությունը կապված է նեղուցում առևտրային նավագնացության և տարածաշրջանում ամերիկյան զինծառայողների վրա հարձակվելու վերջին փորձերի հետ: