ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրա, որի հետևանքով ամերիկացի զինվորականները խոցել են հակառակորդի երկու պետական լցանավեր և ԻՀՊԿ-ի մոտ 100 այլ օբյեկտ, դարձել է նախագահ Դոնալդ Թրամփի նոր մարտավարության առաջին կիրառումը, հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
Axios պորտալի տեղեկություններով՝ Իրանի վրա վերջերս իրականացված հարձակման հետևանքով ամերիկացի զինվորականները խոցել են մոտ 100 օբյեկտ և վնասել իրանական երկու պետական տանկերի մեքենայական բաժանմունքները, որոնք խարիսխ գցած կանգնած էին երկրի ափերի մոտ՝ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման գծից հյուսիս։
«Սա առաջին դեպքն է, երբ ամերիկացի զինվորականները հարվածել են իրանական տանկերներին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում նավերի վրա Իրանի հարձակումների, այլ ոչ թե նրանց ծովային շրջափակումը խախտելուն խոչընդոտելու համար», – փոխանցում է պորտալը։
Ամերիկացի պաշտոնյան այս հարվածները անվանել է «տանկեր՝ տանկերի դիմաց» նոր քաղաքականության մաս, որը Թրամփը ներդրել է ԻՀՊԿ-ին զսպելու համար։ Ինչպես պնդում է պորտալը՝ հղում անելով աղբյուրներին, այս գործողությունը, իբր, թույլ է տվել ԱՄՆ-ին «առնվազն մեկ ամիս» ապահով նավարկություն ապահովել նեղուցում առևտրային նավերի համար։
Վաշինգտոնում ավելի վաղ հայտարարել էին, որ հարվածները հասցվել են ի պատասխան ԻՀՊԿ-ի՝ Օրմուզի նեղուցում առևտրային նավերի, ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա հարձակվելու վերջին փորձի։
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) երեքշաբթի հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները հարվածներ են հասցրել Իրանին։ Թեհրանն էլ իր հերթին պատասխանել է իր հարվածներով՝ հարձակվելով, ինչպես հայտնել է ԻՀՊԿ-ն, Հորդանանում գտնվող ամերիկյան բազայի վրա։





























