Եվրամիության տասնմեկ երկիր, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան, առաջարկել են հեշտացնել ԵՄ արտաքին քաղաքական որոշումների ընդունումը՝ շրջանցելով առանձին պետությունների վետոն, այդ թվում՝ ընդլայնելով որակյալ մեծամասնությամբ քվեարկության կիրառումը, հայտնում է Politico-ն՝ հղում անելով այդ երկրների ԱԳ նախարարների համատեղ նամակին։

«Մենք կշարունակենք ձգտել կոնսենսուսի ամենուր, որտեղ դա հնարավոր է։ Բայց մենք նաև պետք է ապահովենք, որ կոնսենսուսի այս մշակույթը նպաստի համատեղ գործողություններին, ոչ թե խոչընդոտի դրանց, հակառակ դեպքում մենք կունենանք լեգիտիմություն, բայց չենք ունենա ուժ», - ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասին հասցեագրված նամակում։

Ներկայում գործող կանոնները պահանջում են, որ արտաքին քաղաքական որոշումները հավանության արժանանան ԵՄ բոլոր 27 պետությունների կողմից միաձայն։ Վերջին տարիներին դա բազմիցս հանգեցրել է որոշումների արգելափակման՝ վետոյի պատճառով, օրինակ՝ Հունգարիայի կողմից. երկրի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը այն օգտագործել է այն նախաձեռնությունների դեմ, որոնք աջակցվում էին մնացած 26 պետությունների կողմից։

Նամակի հեղինակներն առաջարկում են ավելի ակտիվ օգտագործել այն մեխանիզմը, որի դեպքում անհամաձայն երկիրը չի մասնակցում որոշմանը, բայց նաև չի արգելափակում այն, ինչպես նաև հրաժարվել միմյանց հետ չկապված հարցերը փոխկապակցելու պրակտիկայից։

Բացի այդ, Կալլասին առաջարկվում է ուսումնասիրել ԵՄ պայմանագրերով նախատեսված՝ որակյալ մեծամասնությամբ քվեարկության ընդլայնման հնարավորությունները՝ առանց հենց պայմանագրերը փոփոխելու։