Շվեդիայի կառավարությունը պատրաստել է օրինագիծ՝ կազմակերպված հանցավոր խմբավորումներին մասնակցությունը քրեականացնելու, ինչպես նաև դրանց առաջնորդների նկատմամբ՝ ամենածանր դեպքերում, ցմահ ազատազրկում կիրառելու վերաբերյալ։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է վարչապետ Ուլֆ Քրիստերսսոնը։

«Կազմակերպված հանցավոր խմբավորմանը մասնակցությունը պետք է պատժելի լինի։ Կարևոր է հասնել նրանց, ովքեր տարբեր ձևերով նպաստում են և հնարավորություն են ապահովում կազմակերպված հանցավորության համար, ինչպես նաև առաջնորդներին, որոնք հաճախ հեռու են գտնվում կատարվող հանցագործություններից», - ասել է նա։

Ենթադրվում է, որ օրինագիծը իրավաբանական ուժ կստանա 2027 թվականի ապրիլի 1-ից։ Պատիժների նոր սանդղակով կազմակերպված հանցավոր խմբավորման պարզապես անդամակցությունը կպատժվի մինչև 4 տարի ազատազրկմամբ, ծանրացուցիչ հանգամանքներով մասնակցությունը՝ 2-ից 8 տարի ժամկետով, իսկ առաջնորդները կարող են դատապարտվել 2-ից 18 տարի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման։

Քրեականացման մասին նոր օրենքը կտարածվի հանցագործությունների կատարողների, նրանց օժանդակողների և հանցավոր համայնքների ղեկավարների վրա։ Կազմակերպված հանցավոր խմբավորումը սահմանվում է որպես երկուսից ավելի անձանցից բաղկացած խումբ, որը երկար ժամանակ զբաղվում է հանցավոր գործունեությամբ կամ նպաստում է դրան՝ տնտեսական կամ որևէ այլ ապօրինի շահ ստանալու նպատակով։

Քննության ընթացքում կարող են կիրառվել գաղտնի միջոցներ։ Կատարված աննշան կամ արդարացված խախտումները չեն ենթարկվի քրեական պատասխանատվության։

Ոստիկանության տվյալներով՝ Շվեդիայում քրեական խմբավորումների թվաքանակը կազմում է 50-60 հազար մարդ։ Նրանցից մոտ 14 հազարը կազմակերպված հանցավոր խմբավորումների ակտիվ մասնակիցներ են, իսկ մնացածները այս կամ այն կերպ կապված են դրանց հետ։ Շվեդիայի քաղաքացիները կազմում են ակտիվ քրեական աշխարհի 88%-ը, որոնցից 8%-ը ունեն երկրորդ քաղաքացիություն, իսկ 12%-ը այլ երկրների քաղաքացիներ են։