Ստորև ներկայացնում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանի այսօր կայացած մամուլի ասուլիսի հիմնական կետերը.
FreeArmenianPrisoners կայքում արդեն ամբողջությամբ հրապարակված են Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացության և դատավճռի անգլերեն թարգմանությունները՝ 3302 էջ ընդհանուր ծավալով:
«Փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեկ տարուց ավելի տևած նախաքննության և մեկ տարի տևած դատաքննության ընթացքում իրականում չի հաջողվել իրենց իսկ առաջադրած «մեղադրանքներին» քիչ թե շատ տրամաբանությանը մոտ «հիմնավորում» գտնել:
Մենք գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ, մասնագիտական առումով որևէ քննադատության չդիմացող փաստաթղթերի հետ, որտեղ ոչ միայն առաջադրված «մեղադրանքներն» են աբսուրդային, այլև բերված այսպես կոչված «ապացույցները»», -նշեց իրավապաշտպանը: Նա առանձնացրեց աբսուրդային մի քանի օրինակ, որոնք մենք հրապարակում ենք ստորև:
· Ռուբեն Վարդանյանին մեղադրում են 2022 թվականի սեպտեմբերի (Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման) իրադարձությունների համար:
Ի՞նչ ապացույց է ընկած սրա հիմքում:
Դատարանում որպես տուժող հարցաքննվածներից մեկը մասնավորապես իր ցուցմունքում հայտնել է, որ ծառայության ընթացքում՝ 2022 թվականի սեպտեմբերին, հայկական զինված ուժերի «լայնածավալ գործողությունները կանխելիս», նրա հետ գտնվող ծառայակիցներից մեկը զոհվել է հայկական զինված ուժերի արձակած հրետանային արկի պայթյունի հետևանքով, իսկ ինքը և ընկերը վիրավորվել են։ Նա դատարանից խնդրել է Վարդանյանի նկատմամբ նշանակել ամենախիստ պատիժը։
· Ռուբեն Վարդանյանին մեղադրում են 1990-ականներին տեղի ունեցած իրադարձությունների համար, երբ նա բնակվում էր Մոսկվայում: Նա նաև մեղադրվում է 2022 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2023 թվականի փետրվարի 23-ը «Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ ուժով իշխանությունը զավթելու մեջ»։
Ի՞նչ ապացույց է ընկած սրա հիմքում:
Դատավճռում նշվում է, որ, միանալով «հանցավոր միավորմանը», աջակցելով, ֆինանսավորելով և օժանդակելով այնտեղ գործող ապօրինի զինված ջոկատներին՝ Ռուբեն Վարդանյանը մասնակցել է այդ միավորման կողմից կատարված բոլոր հանցագործություններին։
Այնուհետև թվարկվում են 1988–1994, 1988–2023, 1990–2024, 1989–2023 և այլ ժամանակահատվածներում տեղի ունեցած իրադարձություններ, այդ թվում՝ սպանություններ, պատանդառություններ, անհետացումներ, ականների պայթյուններ և այլ գործողություններ։ Մասնավորապես, նշվում է, որ 1988–1994 թվականներին Ադրբեջանի Հանրապետության 925 բնակավայր է «օկուպացվել», հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են, իսկ 1988–2024 թվականների ընթացքում, ըստ փաստաթղթի, ընդհանուր առմամբ 18,850 մարդ դիտավորությամբ սպանվել է։
· Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է 2021 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերի համար, չնայած որ այդ ժամանակահատվածում այնտեղ չի գտնվել:
Ի՞նչ ապացույց է ընկած սրա հիմքում
Հարցաքննված տուժողները պատմել են, որ Լաչինի շրջանում արձակված հրետանային արկերի պայթյունի հետևանքով ստացել են վնասվածքներ և խնդրել են Վարդանյանին պատժել օրենքով սահմանված կարգով։
Մեկ այլ տուժող պատմել է, որ «ԿամԱԶ» բեռնատարը պայթել է ականի վրա, ինչի հետևանքով զոհվել են երկու լրագրող և Քելբաջարի մեկ բնակիչ, ևս չորս մարդ վիրավորվել է, և դարձյալ խնդրել մեղադրյալի նկատմամբ արժանի պատիժ կիրառել։
· «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացվում է որպես «ահաբեկչության» հետ կապված գործունեություն, իսկ «Ավրորայի»՝ Արցախ այցելած մրցանակակիրները՝«հանցավոր կազմակերպության» անդամ:
Ի՞նչ ապացույց է ընկած սրա հիմքում
Մասնավորապես, «Ավրորայի» դափնեկիր Միրզա Դիննայիի այցը Արցախ և որպես դափնեկիր նրան հանձնված մրցանակային գումարը համարվել է «քրդական ծագում ունեցող վարձկանների ֆինանսավորում»։
· Ռուբեն Վարդանյանի կողմից Արցախում տարբեր սոցիալական-բարեգործական ծրագրերի իրականացումը, դպրոցների ու մանկապարտեզների վերանորոգումը, անգամ՝ Արցախյան մեծ հարսանիքի ֆինանսավորումն ու որպես կնքահայր նորաստեղծ ընտանիքներին աջակցելը ևս, ըստ մեղադրանքի, դիտարկվում է որպես «հանցավոր գործունեություն»:




























