Հնագետները Լեհաստանի հարավարևմտյան հատվածում՝ Վրոցլավից ոչ հեռու, հայտնաբերել են մոտ 5 հազար տարվա վաղեմություն ունեցող անսովոր թաղում, գրում է Live Science-ը։

Հասուն տղամարդու գերեզմանում հայտնաբերվել են քարե մարտական կացին, սաթե ուլունքներ, կայծքարե դանակ, խոշոր կաթնասունների 42 ատամից պատրաստված վզնոց և երկու մարդկային գանգերի մնացորդներ։

Թաղումը հայտնաբերվել է հռոմեական ժամանակաշրջանի գերեզմանոցի տարածքում, սակայն շուտով պարզվել է, որ գերեզմանը շատ ավելի հին է. սերպենտինիտից պատրաստված կացնի ոճը մատնանշում է մոտավորապես մ.թ.ա. 2900 թվականը, այսինքն՝ միջին նեոլիթը։

Առանձնապես առեղծվածային է եղել վզնոցը։ Բոլոր 42 ատամները՝ խոշոր կաթնասունների կտրիչներ և ժանիքներ, որոնց թվում կարող էին լինել գայլեր, եղջերուներ և արջեր, արմատների հատվածում ունեցել են անցքեր և խնամքով դասավորված են եղել, ուստի գիտնականները դրանք համարում են վզնոցի մաս։

Գերեզմանում նաև գտնվել են մարդկային երկու գանգ։ Հնագետները ենթադրում են, որ դրանք կարող էին լինել գլխատված մարդկանց գլուխներ, որոնք բերվել էին որպես թաղման ընծա, սակայն դա դեռ պետք է հաստատվի հետագա ուսումնասիրություններով։

Հետազոտողների կարծիքով՝ տղամարդը կարող էր լինել ռազմիկ կամ որսորդ, իսկ անսովոր թաղման իրերը վկայում են նրա բարձր կարգավիճակի մասին. հնարավոր է՝ նա ընտանեկան կլանի ղեկավարն էր։

Գիտնականները ծրագրում են ուսումնասիրել այս և մոտակայքում հայտնաբերված մեկ այլ նմանատիպ թաղման մնացորդները։ ԴՆԹ-ի և այլ նյութերի վերլուծությունը պետք է օգնի պարզել՝ արդյոք թաղվածները ազգակիցներ էին և ինչպես էին ապրել գրեթե 5 հազար տարի առաջ։ Առաջին արդյունքները սպասվում են այս տարվա ավելի ուշ շրջանում։