Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) վեց երկրները մոտ ապագայում կգործարկեն միասնական զբոսաշրջային վիզայի նախագիծը։ Այս մասին հայտնել է ՊԾԱՊՀԽ-ի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամմեդ Ալ-Բուդայվին։
Նրա խոսքով, որոնք մեջբերում է էմիրաթական Khaleej Times թերթը, նախագիծը կիրականացվի «մոտ ապագայում»։ Նա նշել է, որ միասնական վիզայի ստեղծումը «կդյուրացնի տարածաշրջանի երկրների միջև օտարերկրյա քաղաքացիների ճանապարհորդությունները», սակայն ինքնին նախագիծը նման կլինի Շենգենյան վիզային։
Միևնույն ժամանակ, Ալ-Բուդայվին չի նշել նման վիզայի ուժի մեջ մտնելու ստույգ ամսաթիվը, դրա արժեքը, ինչպես նաև չի հստակեցրել դրա ստացման ընթացակարգն ու հնարավոր վավերականության ժամկետը։
Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ ՊԾԱՊՀԽ երկրների միասնական վիզայի նախագիծը հավանության է արժանացել բոլոր անդամ պետությունների կողմից, իսկ դրա իրականացմամբ զբաղվում են ներքին գործերի նախարարությունները։
Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը տարածաշրջանային կազմակերպություն է, որի կազմի մեջ մտնում է վեց երկիր՝ Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Օմանը և Սաուդյան Արաբիան։ Կազմակերպության նպատակն է անդամ երկրների միջև համագործակցության ընդլայնումը բոլոր ոլորտներում և միջազգային ու տարածաշրջանային առանցքային հարցերի շուրջ միասնական դիրքորոշման մշակումը։ ՊԾԱՊՀԽ-ի կանոնադրության մեջ նշվում է, որ նրա անդամներին «միավորում է պատմական և մշակութային զարգացման ընդհանրությունն ու քաղաքական կարգի նմանությունը» (կազմակերպության մեջ մտնող բոլոր երկրները միապետություններ են)։




























