ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 9-ին Դուբայում հանդիպել է DP World խոշորագույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էսսա Քազիմի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

DP World-ը Դուբայում հիմնված համաշխարհային առևտրի և լոգիստիկայի ընկերություն է, որը զբաղվում է նավահանգիստների կառավարմամբ, բեռնափոխադրումներով, պահեստավորմամբ և լոգիստիկ ծառայություններով։

Քննարկվել են DP World-ի հետ երկարաժամկետ գործնական համագործակցության հաստատման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ և առևտրային հանգույցի դիրքի ամրապնդմանը։

Անդրադարձ է կատարվել Գյումրու «չոր նավահանգիստ» նախագծում DP World-ի հնարավոր ներգրավվածությանը, ինչպես նաև Հայաստանում ժամանակակից պահեստային և մուլտիմոդալ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։

Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը, TRIPP ծրագիրը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նոր հնարավորություններ են ստեղծում միջազգային լոգիստիկ ընկերությունների համար։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է համագործակցության հաստատումը՝ Հայաստանի տարանցիկ և լոգիստիկ ներուժի արդյունավետ օգտագործման և միջազգային առևտրային կապերի ընդլայնման նպատակով։