Կատարը բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի LNG-ի գնման շուրջ՝ Իրանի հետ պատերազմի պատճառով։ Կատարը բանակցություններ է վարում ամերիկյան մատակարարներից երկարաժամկետ պայմանագրերով հեղուկացված բնական գազ գնելու վերաբերյալ՝ Իրանի հետ պատերազմի հետևանքով իր գազային ոլորտում առաջացած լուրջ խափանումների հետնապատկերին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Ըստ գործակալության զրուցակիցների՝ պետական QatarEnergy ընկերությունը դիտարկում է գազ գնելու հնարավորությունն արդեն գործող և կառուցվող ամերիկյան արտահանման նախագծերից։ Աղբյուրները խնդրել են չբացահայտել իրենց անունները, քանի որ բանակցությունները փակ ռեժիմով են ընթանում։

Այդ խորհրդակցությունները պատերազմի սկզբից ի վեր դարձան առաջին վկայությունը այն բանի, որ Կատարը դիտարկում է Մերձավոր Արևելքից դուրս մատակարարումներ՝ իր գազային պորտֆելն ընդլայնելու և դիվերսիֆիկացնելու համար։

Կատարն աշխարհի խոշորագույն LNG մատակարարներից մեկն է, սակայն Իրանի հետ հակամարտությունը լրջորեն բարդացրել է իր պարտավորությունները սեփական գնորդների առաջ կատարելու երկրի կարողությունը։ Այդ պայմաններում Դոհան դիտարկում է ամերիկյան գազի գնումը՝ առաջացած խափանումները փոխհատուցելու և իր հաճախորդներին մատակարարումները ապահովելու համար։

Բանակցությունները վկայում են նաև QatarEnergy-ի ավանդական գործելակերպի հնարավոր փոփոխության մասին, որը մեծապես հենվում է սեփական արդյունահանման և LNG-ի արտահանման խոշոր նախագծերի վրա։ Ամերիկյան արտադրողների հետ երկարաժամկետ պայմանագրերի կնքումը Կատարին հնարավորություն կտար ստանալ գազի լրացուցիչ ծավալներ՝ Մերձավոր Արևելքից մատակարարումների շուրջ պահպանվող անորոշության պայմաններում։

Bloomberg-ի զրուցակիցները չեն հստակեցրել, թե կոնկրետ ինչ ծավալների գազ է քննարկվում և ինչ ժամկետով կարող են կնքվել համաձայնագրերը։