Վրաստանի Սամթավրոյի վանքում օծել են առաջին սրբապատկերները, որոնք պատրաստվել են «Աղոթում ենք միասին» նախագծի շրջանակում՝ «Ռուսաստանի Վրացական ՖՆԿԱ»-ի նախաձեռնությամբ, հաղորդում է Georgia Online-ը։

Արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին՝ սուրբ Գաբրիել Ուրգեբաձեի մասունքների մոտ։ «Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդների բարեկամություն» անվանումը ստացած առաջին սրբապատկերին պատկերված են սուրբ Գաբրիել Ուրգեբաձեն և Սերաֆիմ Սարովսկին, որոնց կազմակերպիչները կոչում են «Ռուսաստանի և Վրաստանի մեծ սուրբ հոգևոր հայրեր»։

Օծումից հետո նախատեսվում է սրբապատկերները փոխանցել Ռուսաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու տաճարներին։ Կազմակերպության տվյալներով, առաջին պատկերները պատրաստվել են Ռուսաստանի տարբեր շրջաններում բնակվող վրացական ազգային-մշակութային միավորումների ղեկավարների անձնական միջոցներով։ Սրբապատկերները որպես նվեր ռուսական տաճարներին հանձնելու արարողությունը նախատեսված է հոկտեմբերին։

Արարողությանը մասնակցելու համար Վրաստան է ժամանել «Ռուսաստանի Վրացական ՖՆԿԱ»-ի փոխնախագահ Լաշա Ցիցիլաշվիլին։

Կազմակերպիչները հայտնել են, որ հետագայում «Աղոթում ենք միասին» նախագծի շրջանակում նախատեսվում է ուղղափառ սրբությունների փոխանակում Ռուսաստանի և Վրաստանի միջև, ինչպես նաև այլ կրոնական միջոցառումների անցկացում։

«Ռուսաստանի Վրացական ՖՆԿԱ»-ն 2021 թվականից ղեկավարում է Դավիթ Ցեցխլաձեն։ 2024 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նա ընդգրկվել է Ռուսաստանի նախագահին առընթեր միջէթնիկ հարաբերությունների խորհրդի կազմում։ Կազմակերպության տվյալներով, մինչև այդ վրացական սփյուռքի ներկայացուցիչները խորհրդի կազմում ընդգրկված չեն եղել։