Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի օրը մի շարք դատապարտյալների ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել։ Նրանց թվում է Ֆրանսիայի օգտին լրտեսության համար 10 տարվա ազատազրկման դատապարտված Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը։ Հաղորդագրությունը տեղադրվել է պետության ղեկավարի կայքում։

Ռայանի դատավճիռը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը կայացրել էր 2026 թվականի մարտի 16-ին։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Ռայանին ձերբակալել էր 2023 թվականի դեկտեմբերի 4-ին։ Նա «Merkorama» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էր։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Ֆրանսիայի արտաքին անվտանգության գլխավոր վարչության (DGSE) աշխատակիցները Ռայանին ներգրավել էին գաղտնի համագործակցության մեջ և օգտագործել որպես լրտես-գործակալ․ ավելի ուշ այդ աշխատակիցները հայտարարվել էին «պերսոնա նոն գրատա» և վտարվել Բաքվից։

Այս քրեական գործով Ռայանին մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով (լրտեսություն)։ Գործով մյուս մեղադրյալը՝ Ադրբեջանի քաղաքացի Ազադ Մամեդլին, պատասխանատվության էր ենթարկվել ՔՕ 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն)։

Ընդհանուր առմամբ, պետության ղեկավարի հրամանագրով ներում է շնորհվել Ադրբեջանի 15 քաղաքացու և 5 օտարերկրացու (Թուրքիայի երկու, Ֆրանսիայի մեկ, Պակիuտանի մեկ քաղաքացու, ինչպես նաև Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող մեկ անձի)։

Հաղորդագրության համաձայն՝ որոշումն ընդունվել է մարդասիրության սկզբունքներից ելնելով՝ հաշվի առնելով դատապարտյալների, նրանց ընտանիքների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի դիմումները։ Որոշում կայացնելիս հաշվի են առնվել դատապարտյալների անձը, առողջական վիճակը, ընտանեկան դրությունը, կատարած հանցագործությունների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, պատժի կրած ժամկետը և նրանց վարքագիծը։