Հռոմի Կոլիզեումում մահացել է 22-ամյա տեխնիկը, որը լուսավորության նոր համակարգի տեղադրման ժամանակ ընկել է մոտ 10 մետր բարձրությունից։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Իտալիայի մշակույթի նախարարությանը։

Ողբերգությունից հետո Կոլիզեումի հնագիտական պարկը հայտարարել է, որ չորեքշաբթի կփակվի ամֆիթատրոնի երկրորդ հարկի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել ողբերգական միջադեպը։ Որոշումը բացատրել են զոհվածի հիշատակը հարգելու ցանկությամբ։

«Սա ողբերգական դեպք է, որը ցնցել և շշմեցրել է մեզ»,- հայտարարել է Իտալիայի մշակույթի նախարար Ալեսանդրո Ջուլին։

Զոհվածն աշխատում էր հին ամֆիթատրոնի ներսում լուսավորության նոր համակարգի մոնտաժի վրա։ Անկման հանգամանքներն ու պատահարի պատճառներն առայժմ չեն հաղորդվում։

Միայն Կոլիզեումի մի մասը փակելու որոշման հետ չի համաձայնել Իտալիայի խոշորագույն արհմիությունը՝ CGIL-ը։ Նրա ներկայացուցիչները պահանջել են ամբողջությամբ փակել հուշարձանն ամբողջ օրվա ընթացքում։

«Մենք ակնկալում ենք, որ նախարար Ջուլին կհստակեցնի տեղի ունեցածի հանգամանքները և կհրամայի ամբողջությամբ փակել Կոլիզեումը», — հայտարարել է CGIL-ի հռոմեական բաժանմունքի գլխավոր քարտուղար Նատալե դի Կոլան։

«Մարդկայնությունն ավելի կարևոր է, քան զբոսաշրջիկները»,- հավելել է նա։

Կոլիզեումը կառուցվել է մոտ 2 հազար տարի առաջ և համարվում է Հին Հռոմի ամենախոշոր ամֆիթատրոնը։ Նրա արենայում տեղի են ունեցել գլադիատորական մարտեր, հրապարակային մահապատիժներ և կենդանիների որս։ Այսօր Կոլիզեումը շարունակում է մնալ Հռոմի գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը։